Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
1991-1993
Քո կարծիքը
Օր օրի համոզվում եմ, որ հայ ազգը վերջին հարյուրամյակում Լևոն Տեր-Պետրոսյանի նման պետական գործիչ չի ծնել: comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

ԵԼՈՒՅԹ ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ - 26 սեպտեմբերի, 1991

Քննարկումն ի՞նչ ցույց տվեց: Կոնկրետությունը, կոնկրետ հարցի քննարկումը միշտ հանգեցնում է քաղաքական դիրքորոշումների բացահայտման եւ գաղափարների հստակեցման: Դա անխուսափելի է եւ անհրաժեշտ: Ես չեմ ուզում անդրադառնալ, մեղմ ասած, այն կեղծ հայտարարություններին, որոնք արվում են ժողովրդի անունից կամ հանրաքվեի արդյունքների ոգեւորության ազդեցությամբ: Հանրաքվեն էլ վերածվում է շահարկման առարկայի, մեր ժողովրդի միասնության այս դրսեւորմանը տրվում են ամենեւին ոչ համարժեք բացատրություններ:


Խոսում են ժողովրդի անունից, բայց ինձ թվում է, թե այդ մարդիկ պարզապես տեղյակ չեն ժողովրդի կարծիքին: Եթե ժողովուրդն իսկապես այսպիսի ոգեւորությամբ, տոնախմբությամբ քվեարկեց հանրաքվեի հարցի օգտին, ապա առաջին հերթին այն պատճառով, որ տեսավ Խորհրդային Միությունում տեղի ունեցող նոր փոփոխությունների պայմաններում անկախության գնալու անարյուն, ապահով, երաշխավորված, աստիճանական ճանապարհը: Եթե դուք ժողովրդին առաջարկեիք անկախության լիտվական կամ վրացական ուղին, ապա նման արդյունք երբեք չէիք ստանա: Ժողովուրդը տեղյակ էր, որ մեր ղեկավարությունը գնալու է այս ճանապարհով. իմ ելույթը Մոսկվայում, ժողովրդական պատգամավորների համագումարում մատնանշում էր հենց այդ ուղին: Եւ այստեղ արտահայտված այն կարծիքները, թե մենք դավաճանում ենք հանրաքվեի արդյունքներին, պարզ կեղծարարություն է: Դրա համար ես այսօր հարկ եմ համարում հստակ շարադրել իմ տեսակետը մեր ապագա քաղաքականության վերաբերյալ:


Մենք ի՞նչ էինք ուզում մինչեւ հանրաքվեն եւ արդյո՞ք վատ բան էինք ուզում:


Մենք ուզում էինք դառնալ եւրոպական պետությունների` Ֆրանսիայի, Բելգիայի, Իսպանիայի նման անկախ պետություն, ճանաչվել միջազգային իրավունքի սուբյեկտ, այսինքն` հասնել լիակատար քաղաքական անկախության, դրա հետ մեկտեղ գտնել ներդաշնակություն մեր հարեւանների հետ, ստեղծել ժողովրդավարական պետությունների այնպիսի համագործակցություն, որն առավել կերպով կապահովեր ե՛ւ մեր անկախությունը, ե՛ւ մեր ժողովրդի բարեկեցությունն ու երջանկությունը:


Սա՞ չէր մեր ուզածը, ա՞յս խնդիրները չէին արտահայտվել մեր բազմաթիվ ելույթներում ու հոդվածներում:

 

Մեզ համար իդեալ էր՝ Խորհրդային Միությունը տեսնել որպես այնպիսի ազատ պետությունների մի համագործակցություն, ինչպիսին եւրոպական պետությունների համագործակցությունն է: Չպետք է մոռանալ, որ երեք տարի շարունակ մեր ժողովրդի հսկայական ջանքերի շնորհիվ եւ զրկանքների գնով մենք ամեն օր ընդլայնում էինք մեր ինքնուրույնությունը, մեր անկախությունը: Ես ընդգծում եմ՝ ամե՛ն օր, թե՛ ժողովրդավարական ազատությունների բնագավառում, թե՛ տնտեսության մեջ (նկատի ունեմ մեր սեփականաշնորհման բարեփոխումը, որ ոչ մի հանրապետություն չի կատարել), թե՛ զինակոչիկների ծառայության հարցում: Մենք փաստացի իսկապես ամեն օր գնում էինք դեպի անկախություն, ամեն օր ընդլայնելով մեր ազատությունը, մեր ինքնուրույնությունը եւ անկախությունը:


Այսօր գործընթացներն ավելի արագացել են, եւ մենք հնարավորություն ունենք ոչ թե օրեցօր, այլ արդեն ժամ առ ժամ ընդարձակելու մեր անկախությունը: Դուք ինքներդ էլ տեսնում եք, թե ինչ թափով են ընթանում գործընթացները: Երբ այստեղ խոսում են համագումարի, նրա որոշումների, Սահմանադրության, մեր ընդունելիք որոշումների մասին, դրանք դիտելով որպես կաշկանդող դոգմաներ, ես դա համարում եմ երեսպաշտություն կամ իրական գործընթացները չհասկանալու արդյունք: Ինձ համար նման թղթերը, որոշումները, օրենքները ոչ մի նշանակություն չունեն, քանի որ առաջնայինը, կարեւորը գործընթացներն են: Մենք պետք է հետեւենք ոչ թե օրենսդրական ձեւականություններին, այլ գործընթացներին: Իսկ գործընթացները, ինչպես ասացի, անկախ օրենսդրական կապանքներից, ակնհայտորեն տանում են հանրապետությունների անկախության անընդհատ աճին: Սա է, ուրիշ գործընթաց Խորհրդային Միությունում գոյություն չունի: Եւ եթե դա դանդաղ էր ընթանում մինչեւ հեղաշրջումը, այժմ դա անհամեմատ արագացել է:


Այժմ ես ամբողջ ժողովրդին եմ դիմում, եւ սա թող համարվի իմ քաղաքական պլատֆորմը. իմ նպատակն է Հայաստանը տեսնել եւրոպական տիպի ազատ պետությունների մի համագործակցության մեջ: Այդպիսի համագործակցություն կարելի է ստեղծել երկու ճանապարհով: Առաջին ճանապարհով ընթացավ Եւրոպան, երբ բացարձակ անկախ պետություններ, նկատի ունենալով իրենց փոխադարձ շահերը, աստիճանաբար ստեղծեցին մի կայուն համագործակցություն, ընդհանուր տնտեսական շուկա, որը միտումներ ունի ավելի ինտեգրացվելու: Գուցե հեռավոր ապագայում հնարավոր լինի նույնիսկ ունիտար պետություն ստեղծել: Բայց չպետք է մոռանալ, որ Եւրոպայում այս ճանապարհին նախորդել էր մի դժոխային շրջան: Եւրոպան անցավ ահավոր ավերիչ պատերազմների ժամանակաշրջանով՝ մինչեւ հասավ ահա այդ մակարդակին: Ես նկատի չունեմ նապոլեոնյան արշավանքները, դա դեռեւս միջնադար էր: Նոր շրջանում Եւրոպայում տեղի ունեցավ երեք ավերիչ պատերազմ: Նկատի ունեմ 1870 թվականը, Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմները: Այս պատերազմները բացատրվում են հենց ազգ‑պետությունների ձեւավորման գործընթացով: Երբ ազգ‑պետությունները վերջնականապես ձեւավորվեցին, երբ բոլոր հարցերը պատերազմներով լուծվեցին, դրանից հետո է, որ պետություններն ու ժողովուրդները նպատակահարմար գտան մտածել հարաբերությունների այլ ձեւերի մասին:


Արդյո՞ք մեզ համար էլ պարտադիր է նշված ճանապարհը, այսինքն՝ փշրել այս Միությունը, տեղավորվել սեփական տներում, սկսել պատերազմներ՝ թե՛ քաղաքացիական, եւ թե՛ քաղաքական, անցնել արյան, հրի ու սրի, դժոխքի միջով, որպեսզի մենք նորից մի օր հասնենք մի մակարդակի, ինչը մենք այսօր հնարավորություն ունենք ստեղծել՝ առանց ենթարկվելու նման փորձությունների:


Եւրոպան, ինչպես ասացի, համագործակցության հասավ ա՛յս ճանապարհով, բայց արդյո՞ք դա է միակ ճանապարհը:


Ելնելով մեր իրականությունից, Խորհրդային Միության` այս ունիտար, տոտալիտար, դժոխային (ինչ անուն ուզում եք տվեք) պետության իրականությունից, պետք է հասկանալ, որ սա մի պատմական, քաղաքական, տնտեսական եւ, եթե կուզեք՝ նաեւ հոգեւոր միասնություն է, առարկայական իրողություն: Սա կա, սրանից չենք կարող փախչել: Եւ արդյո՞ք հնարավոր չէ այն կացությանը, որին Եւրոպան հասավ ներքեւից, հասնել վերեւից: Այսինքն, քանդելով այս ունիտար, տոտալիտար համակարգը, աստիճանաբար մոտենալ ահա այն մակարդակին, որին հասել է Եւրոպան:


Հնարավո՞ր է արդյոք, թե՞ ոչ:


Եթե բոլորը փախչեն իրենց տները, դա հնարավոր չի լինի, եւ տեսնում ենք դրա հետեւանքները. փախչողներն արդեն պատերազմի մեջ են: Վրաստանում քաղաքացիական պատերազմ է, Մոլդովայում` ազգամիջյան: Ես մեր վիճակը շատ հեշտությամբ պատկերացնում եմ. եթե մենք էլ կատարենք նույն ընտրությունը, որ կատարեցին Մոլդովան կամ Վրաստանը, ապա չենք կարող խուսափել Ադրբեջանի հետ պատերազմից:


Եթե մենք վստահ ենք մեր ուժերին, այն իմաստով, որ կարող ենք լրիվ խզել բոլոր կապերը Խորհրդային Միության հետ եւ ի վիճակի կլինենք ապահովել մեզ թե՛ սնունդով, թե՛ վառելիքով, թե՛ զենքով ու զինամթերքով ու շահել պատերազմը մեր հարեւանների դեմ` խնդրեմ, ընտրենք այս ճանապարհը, եթե վստահ ենք:


Բայց թող շուտափույթ անկախության ջատագովները մեզ տան այդ երաշխիքները: Կարծում եմ, մեր ժողովուրդն այնքան իմաստուն կգտնվի, որ կգնահատի այդ երաշխիքները եւ կգնա այդ մարդկանց ետեւից: Մենք այստեղ իրար խաբելու համար չենք հավաքվել, ինչպես ասում է պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Թող յուրաքանչյուրը ներկայացնի իր ծրագիրը, իր երաշխիքները, իր տեսակետները, եւ ես հավատացած եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի: Ինձ համար առնվազն ակնհայտ են այն ուղու արհավիրքները, որն առաջարկում են անհապաղ անկախության կողմնակիցները:


Հիմա մյուս ուղին: Արդյո՞ք հնարավոր է այս տոտալիտար պետությունը քանդելով վերեւից (թեեւ՝ արտաքուստ վերեւից, որովհետեւ ըստ էության դա արվում է ներքեւից՝ հանրապետությունների ջանքերով), վերացնել Կենտրոնի ռեալ քաղաքական իշխանությունը: Ես կարծում եմ՝ դա հնարավոր է, այո՛ հնարավոր է քանդել այս տոտալիտար պետությունը: Բայց ես դա համարում եմ ոչ թե քանդիչ, այլ կառուցողական գործունեություն: Դա կառուցողական գործընթաց է, քանի որ, կառույցները քանդելով, մենք, ըստ էության, ստեղծում ենք պետությունների մի նոր համագործակցություն: Եւ այժմ պահանջել Հայաստանից, որ չմասնակցի ազատ պետությունների համագործակցություն ստեղծելու այդ կառուցողական գործընթացին, կարծում եմ, մեծ սխալ կլինի, եւ Հայաստանը մեծապես կտուժի դրանից:


Ո՞ւմ վրա եք հույս դնում: Մենք Լիտվա չենք, մենք Լատվիա չենք:


Ինչո՞ւ ենք մոռանում Արցախի հարցը: Ո՞վ է լուծելու Արցախի հարցը: Ես չեմ ասում, որ Ելցինը կամ Նազարբաեւը կլուծեն, ո՛չ, ես այդքան միամիտ չեմ, սակայն, մասնակցելով այդ կառուցողական պրոցեսներին, մենք գոնե կարող ենք ինչ‑որ պարտավորությունների տակ դնել մեր գործընկերներին: Բայց եթե մենք մեզ վրա որեւէ պարտավորություն չենք վերցնում այդ գործընթացների առնչությամբ, ապա ինչո՞ւ Ելցինը եւ Նազարբաեւը, կամ որեւէ մեկը, պիտի պարտավորություն վերցնեն մեր նկատմամբ: Հանուն ինչի՞: Նույնիսկ անտառանյութը եւ վառելիքը միջազգային գներով մեզ չեն վաճառի, որովհետեւ առեւտուրը նույնպես քաղաքականություն է:


Նորից եմ կրկնում. մեր մասնակցությունը պարտադիր է բոլոր միջհանրապետական կառույցներում, այն էլ՝ լիարժեք մասնակցությունը: Ինձ համար հստակ է մեր բռնած քաղաքական ուղին, հստակ է նաեւ, թե ուր ենք գնում:


Կարող են հարցնել, թե՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ ուղին կապահովի մեր լիակատար քաղաքական անկախությունը: Երբ տեսնենք, որ երաշխիքներ չկան, հենց մեր պարտքն է, որպես խորհրդարան, որպես քաղաքական գործիչներ, վերանայել, շտկել մեր դիրքորոշումը: Թե՞ մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր որոշում ընդունելիս դառնում ենք այդ որոշման գերին: Այդ դեպքում պետք է ցանկացած որոշումից հետո ցրել խորհրդարանը: Խորհրդարանը հենց նրա համար է, որ կարողանա արձագանքել ժամանակի փոփոխություններին եւ համապատասխան ճշգրտումների ենթարկի իր քաղաքական գիծը:


Ուրեմն, քաղաքական տեսակետից մեր առաջնահերթ գործը պիտի լինի որքան հնարավոր է շուտ, բոլոր միջոցներով ձեռք բերել մեր քաղաքական անկախությունը, դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ, ՄԱԿ‑ի անդամ, եւ այդ կարգավիճակով մասնակցել վերոհիշյալ կառուցողական գործընթացներին: Ես հարյուր տոկոսով վստահ եմ նաեւ, որ Հայաստանի անկախության ճանաչումը, միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալը շատ ավելի հեշտ կլինի կառուցողական այդ աշխատանքին մասնակցելով, քան դրանից հրաժարվելու դեպքում: Որովհետեւ դրանով Հայաստանը շանս է ձեռք բերում կրկին դառնալ Խորհրդային Միության առաջադիմական գործընթացների լիդեր՝ ամրապնդելով քաղաքական գործընկերոջ իր ծանրակշիռ վարկը: Հայաստանը մի ժամանակ Խորհրդային Միության ժողովրդավարական գործընթացների լիդերն էր, եւ դա մեզ մեծագույն քաղաքական վարկ տվեց, դա նաեւ մեր անկախությունը ճանաչելու կարեւոր գրավականներից է: Հիմա, մասնակցելով այս առաջադիմական գործընթացներին, Հայաստանը կրկին դառնում է դրանց լիդեր, ինչը, վստահ եմ, ըմբռնումով կընկալվի ողջ աշխարհի կողմից:

 

Դրանով Հայաստանն օրինակ է տալիս Արեւմուտքին եւ ԽՍՀՄ‑ին, թե ինչպես կարելի է մի կողմից` իսկապես դառնալ անկախ պետություն, մյուս կողմից` մասնակցել կառուցողական գործընթացներին եւ թույլ չտալ, որ այս դժոխային պետությունը փլուզվի եւ նրա փլատակների տակ վտանգվի ողջ մարդկությունը: Հիմա ամբողջ աշխարհի եւ մեր ժողովրդի մտահոգությունը պետք է լինի փոփոխությունները դարձնել անարյուն, հանդարտ, քաղաքակիրթ: Սա ավելի հեռանկարային զարգացում է, քան կայսրության անմիջական փլուզումը:


Ահա իմ տեսակետը, որ պարտավոր էի ներկայացնել ժողովրդին հոկտեմբերի 16‑ի նախագահական ընտրությունից առաջ, որպեսզի նա հնարավորություն ունենար ճիշտ կողմնորոշվելու: Սա՛ է իմ դիրքորոշումը, սա՛ է լինելու իմ քաղաքականությունը, եւ ես պայքարելու եմ անկախության այս ուղեգծի իրականացման համար:


Հոկտեմբերի 16‑ի ընտրությունը, բացի Նախագահի անձի նկատմամբ արտահայտած վերաբերմունքից, անխուսափելիորեն պետք է դառնա նաեւ յուրատեսակ հանրաքվե՝ թեկնածուների քաղաքական ուղեգծի նկատմամբ: Ահա այդ հանրաքվեով կպարզվի, թե ում քաղաքական ուղեգծին է համաձայն ժողովուրդը եւ ում է տալիս իր վստահության քվեն: Այստեղ անձերը ոչ մի նշանակություն չունեն:


Ես ստիպված էի եւս մեկ անգամ հստակեցնել իմ դիրքորոշումը, որպեսզի այսուհետեւ ոչ մի դեմագոգիայի առիթ չտամ: 
 

1991-09-26

Մեծարգո նախագահ,


Հարգելի գործընկերներ,


Թույլ տվեք ողջունել Հայոց համազգային շարժման 5‑րդ համագումարի պատգամավորներին եւ հաջողություն մաղթել համագումարի աշխատանքներին:


Ելույթովս ես ոչ թե պատրաստվում եմ մանրամասն հաշվետվություն տալ մեր գործունեության մասին, այլ փորձել պատասխանել ձեզ հուզող հարցերին եւ ՀՀՇ‑ին ու Հայաստանի ներկա իշխանություններին ներկայացվող մերկապարանոց մեղադրանքներին, որոնք հաճախ պարզապես վերածվում  


Մեծարգո պարոն նախագահ,


Մեծարգո պատգամավորներ,


Նկատի ունենալով, որ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության խնդիրները բազմիցս դարձել են լուրջ քննարկման առարկա, բոլոր ամբիոններում արծարծվել ու հստակորեն ներկայացվել են իշխանության տարբեր մարմինների ու հասարակական‑քաղաքական կազմակերպությունների մոտեցումներն ու տեսակետները, որոնց այսօր դժվար թե հնարավոր է նոր բան ավելացնել` սույն հաղորդման մեջ հարկ եմ համարում ամբողջությամբ կենտրոնանալ հանրապետության սոցիալ‑տնտեսական  


Դժբախտաբար, առօրյա իրադարձությունների արագ զարգացման, փոփոխության պատճառով

Վեհափառ Տեր,


Մեծարգո նախագահող,


Հարգելի պատգամավորներ եւ հյուրեր,


Քիչ առաջ, երբ այս պատվական լսարանի` մեր ժողովրդի արժանավորագույն ներկայացուցիչների առջեւ ես հանդիսավոր երդմամբ հավատարմություն հայտնեցի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, նրա ազգային ու պետական շահերին - դրանք լոկ հավուր պատշաճի ազդարարված խոսքեր չէին, այլ հայ ժողովրդի դարերով փայփայած իղձերի խտացումն ու իրեղենացման արտահայտությունը:


Բախտի  


Հարգելի պրեզիդենտ,


Հարգելի նախագահություն,


Հարգելի պատգամավորներ եւ հյուրեր,


Համագումարում ունենալիք իմ ելույթը նախօրոք էի պատրաստել, սակայն ԽՍՀՄ պրեզիդենտի եւ հանրապետությունների ղեկավարների արած հայտարարության լույսի տակ անիմաստ է դառնում դրա հրապարակումը, մանավանդ, որ այն մեծապես համահունչ է հայտարարության բովանդակությանը: Ուստի եւ նպատակահարմար եմ գտնում բավարարվել քննարկվող հայտարարությանն առնչվող միայն որոշ դիտողություններով:


Նստաշրջանի աշխատանքն սկսելուց առաջ, ինձ թվում է, անհրաժեշտ է գոնե թռուցիկ հետադարձ հայացք նետել անցած ժամանակաշրջանի վրա, որ բխում է մեր հետագա գործունեության մեջ նախկին սխալները չկրկնելու հրամայականից:


Որեւէ իշխանության գործունեության գնահատման համար, կարծում եմ, գոյություն ունի երեք առարկայական չափանիշ:


Առաջին չափանիշը տվյալ իշխանության որդեգրած քաղաքականության, այսինքն` նրա կողմից ընդունված ծրագրի իրականացման հետեւողականությունն է: Հանրապետության ներկա իշխանությունների գործունեության  


Հարգելի պատգամավորներ,


Երկու օր է, ինչ Հայոց խորհրդարանը քննում է միութենական հանրաքվեի եւ միութենական պայմանագրի նկատմամբ մեր վերաբերմունքի հարցը:


Այս քաղաքական բանավեճը ես համարում եմ երեւույթ, միայն թե կցանկանայի կատարել մի քանի անհրաժեշտ ճշգրտում:


Բնական է, որ բանավեճի ժամանակ կողմերը դիմում են ծայրահեղացումների, խիստ եւ կտրուկ շեշտադրումների, բայց դա չպետք է հասնի գռեհկացման:


Նման գռեհկացում եմ ես համարում  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com