Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
1991-1993
Քո կարծիքը
Մեք կտրող սուր ունենք, մեզ ձեր վահանը պետք չէ՛, Մենք գեներալ ունենք, մեզ ձեր սերժանտները պետք չե՛ն: ... Հայկ comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

ԵԼՈՒՅԹ ՀՀՇ 5-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ - 27 հունիսի, 1993

Մեծարգո նախագահ,


Հարգելի գործընկերներ,


Թույլ տվեք ողջունել Հայոց համազգային շարժման 5‑րդ համագումարի պատգամավորներին եւ հաջողություն մաղթել համագումարի աշխատանքներին:


Ելույթովս ես ոչ թե պատրաստվում եմ մանրամասն հաշվետվություն տալ մեր գործունեության մասին, այլ փորձել պատասխանել ձեզ հուզող հարցերին եւ ՀՀՇ‑ին ու Հայաստանի ներկա իշխանություններին ներկայացվող մերկապարանոց մեղադրանքներին, որոնք հաճախ պարզապես վերածվում են հայհոյանքի ու զազրախոսության:


Համոզված եմ, որ ապագա պատմաբանի համար շանթահարիչ է լինելու այն փաստը, թե պատմության կեղծարարությունից կշտացած եւ նրա դեմ ծառացած մեր հասարակությունն ինչպես է ժողովրդավարության պայմաններում հանդուրժում իր աչքի առջեւ եւ իր իսկ մասնակցությամբ տեղի ունեցող իրադարձությունների խեղաթյուրումը:


Սակայն պատմությունը թողնենք պատմության դատին եւ անցնենք բուն նյութի մատուցմանը` նշանաբան ունենալով ճշմարտությունը, միայն ճշմարտությունը:


1. Նախ՝ պատասխանատվության մասին, որը հատկապես վերջերս առավել շահարկման է ենթարկվում ընդդիմության կողմից. թե իբր ՀՀՇ‑ն եւ Հայաստանի իշխանությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից եւ այն բարդել ընդդիմության կամ արտաքին գործոնների վրա: Նման հարցադրումն ինձ համար ի բնե ծիծաղելի է. ծիծաղելի այն պարզ պատճառով, որ մարդկային պատմության մեջ ոչ մի մահկանացուի չի հաջողվել խուսափել եթե ոչ արդարադատությունից, ապա գոնե պատմության դատաստանից:


Եթե ժողովուրդն իր քվեներով իշխանությունն անվերապահորեն հանձնել է ՀՀՇ‑ին ու նրա ներկայացուցիչը հանդիսացող Հանրապետության Նախագահին, ապա ո՞վ կարող է առարկել, որ ներկա իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկնում է նրանց ուսերին: Այլ հարց է, թե ով ինչպես է գնահատում իրավիճակը, արդյոք չե՞ն շեշտվում նրա որոշ կողմերը եւ անտեսվում մյուսները, կամ` հակառակը:


Ընդդիմության իրավունքն է, բայց նաեւ նրա բարոյականության չափանիշը, անտեսել առարկայական գործոնները եւ բոլոր անհաջողություններն ու դժվարությունները վերագրել իշխանություններին, մանավանդ եթե նա համոզված է, որ դրանով նպաստում է պետության ամրապնդմանը եւ ազգային շահերի պաշտպանությանը:


Բայց նաեւ իշխանությունների եւ ՀՀՇ‑ի իրավունքն է, չխուսափելով հանդերձ պատասխանատվությունից, իր բացատրությունները ներկայացնել ժողովրդին, եւ, կախված այն բանից, թե կբավարարե՞ն նրան, արդյոք այդ բացատրությունները, ժողովուրդը ցույց կտա իր վերաբերմունքը հաջորդ ընտրություններում:


Բոլոր քաղաքակիրթ եւ իրավական պետություններում, որպիսին հավակնում է լինել նաեւ Հայաստանը, սա՛ է ժողովրդական դատաստանի իրականացման միակ եղանակը:


Ընտրություններում է միայն, որ վերջնական հաշվեկշռի են ենթարկվում հաջողություններն ու անհաջողությունները, առարկայական եւ ենթակայական գործոնները, վերջին հաշվով՝ պատասխանատվության չափը: 
 
2. ՀՀՇ‑ին ներկայացվող հաջորդ մեղադրանքն այն է, թե իբր նա, չարաշահելով Ղարաբաղյան շարժման լիցքը, մոլորեցնելով «խեղճ» ժողովրդին եւ օգտվելով նրա «տգիտությունից» ու անփորձությունից, անօրինաբար տիրել է իշխանությանը եւ վերածվել «իշխող խմբակցության», այլ կերպ ասած՝ խունտայի, թայֆայի եւ այլն:


Մի կողմ թողնելով այն, որ նման դատողությունը նախ եւ առաջ մեծագույն արհամարհանք է սեփական ժողովրդի նկատմամբ, անդրադառնանք դրա քաղաքական նպատակադրմանը, որ, ցավոք, չափազանց պարզունակ ու թափանցիկ է: Կասկածի տակ դնելով իշխանությունների օրինականությունը եւ ոգեւորված Վրաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի օրինակներով ու ռուսաստանյան խմորումներով` ընդդիմությունը դրանով, փաստորեն, տեսական եւ իրավական հող է նախապատրաստում՝ արդարացնելու իշխանության համար մղելիք պայքարում միջոցների մեջ խտրություն չճանաչող իր գործողությունները:


Եթե խոսքը վերաբերում է Հայաստանի ներկա իշխանությունների լեգիտիմությանը՝ օրինականությանը, ապա դրա ամենապերճախոս վկայությունը ՀՀՇ‑ի ստացած 45 տոկոս քվեներն են 1990 թ. մայիսին կայացած՝ Գերագույն խորհրդի ընտրություններում, եւ` Հանրապետության Նախագահի ստացած 83 տոկոս քվեները` 1991 թ. հոկտեմբերին տեղի ունեցած ընտրություններում:


Ասվում է, թե այդ արդյունքները ձեռք են բերվել ժողովրդին մոլորեցնելու գնով: ՀՀՇ‑ն եւ Հանրապետության Նախագահը հանճար պետք է լինեին՝ ժողովրդին երկու‑երեք տարի շարունակ մոլորեցնել կարողանալու համար: Ժողովրդին կարելի է տասնամյակներով ստրկացնել, կարելի է նաեւ մի պահ մոլորեցնել, բայց երկու‑երեք տարի շարունակ դա ոչ ոքի չի հաջողվի: Եւ հետո, եթե մոլորեցնելն այդքան հեշտ էր, այդ ինչպե՞ս ժողովուրդը չմոլորվեց նախագահական որոշ թեկնածուների աղմկոտ, թանկարժեք ու լայնածավալ ընտրարշավներից:


Եթե խոսքը կրկին վերաբերում է իշխանությունների օրինականությանը, ապա նախ եւ առաջ կասկածելի է հենց ընդդիմությունը ներկայացնող՝ Գերագույն խորհրդի նորաբույս կուսակցական խմբակցությունների օրինականությունը: Ժողովուրդը ոչ մի դաշնակցական, ռամկավար կամ ԱԺՄ‑ական չի ընտրել, բայց այսօր խորհրդարանում կան նման կուսակցական խմբակցություններ: Ժողովուրդն ընտրել է միայն կոմունիստներ, ՀՀՇ‑ականներ եւ մի քանի անկախ պատգամավորներ: Միակ բացառությունը ԱԻՄ‑ի ներկայացուցիչն է, որ ընտրվել է կուսակցական հիմունքներով: Դաշնակցության, Ռամկավար‑ազատական կուսակցության եւ ԱԺՄ‑ի խմբակցություններն առաջացել են Խորհրդարանի ներսում` կոմկուսից ու ՀՀՇ‑ից անջատված պատգամավորների ուժերով: Եթե այդ պատգամավորների գաղափարախոսության եւ քաղաքական մտածողության մեջ այդպիսի արմատական հեղաբեկում էր տեղի ունեցել, ապա տարրական բարոյականությունը եւ ժողովրդին չմոլորեցնելու վեհ գիտակցությունը պահանջում էին՝ հրաժարվել պատգամավորական աթոռներից եւ վերընտրվել որպես դաշնակցական, ռամկավար կամ ԱԺՄ‑ական: Սա քաղաքական բարոյականության մեծագույն դաս կլիներ թե՛ ժողովրդի, թե՛ մանավանդ ներկա իշխանությունների համար: 


3. Հաջորդ մեղադրանքը. ՀՀՇ‑ն եւ Հանրապետության Նախագահն անհանդուրժող են եւ ձգտում են մենատիրության, որի վառ արտահայտությունը Նախագահի վարած կադրային քաղաքականությունն է՝ հիմնված քաղաքական նկատառումների եւ անձնական նվիրվածության սկզբունքի վրա: Ծեծված, չարչրկված, բայց դեռեւս իր հրապարակային պատասխանը չստացած մեղադրանք:


Նախ՝ հանդուրժողականության մասին: Եթե համեմատելու լինենք Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Վրաստանի, Ադրբեջանի հետ, որտեղ ժողվրդական շարժումները եկան իշխանության գլուխ, եւ անգամ՝ Ռուսաստանի հետ, ապա կտեսնենք, որ միայն Հայաստանում հաշվեհարդար չկիրառվեց նախկին կոմունիստական վարչակարգի եւ նրա ուժային լծակների՝ Ներքին գործերի նախարարության ու Պետական անվտանգության կոմիտեի նկատմամբ: Կոմկուսը չարգելվեց, պետական վարչամեքենայի կոմունիստ պաշտոնյաները, միլիցիայի ու ՊԱԿ‑ի աշխատակիցների մեծագույն մասը չհեռացվեցին աշխատանքից:

 

Ավելին, կոմունիստական վերջին՝ Մարգարյանցի կառավարության 36 անդամներից 14‑ը պահպանեցին իրենց տեղերը Վազգեն Մանուկյանի կաբինետում, չխոսած՝ փոխնախարարների մասին, որոնց մեծ մասը շարունակեց եւ այսօր էլ շարունակում է իր աշխատանքը: Թող չստեղծվի այն տպավորությունը, թե նման հանդուրժողականություն դրսեւորվել է միայն կոմունիստների նկատմամբ: Իմ կողմից Գագիկ Հարությունյանի կառավարությունում պետական նախարարի եւ առողջապահության նախարարի պաշտոններն զբաղեցնելու լուրջ, հետեւողական առաջարկ է եղել նաեւ դաշնակցական կուսակցության երկու հայտնի գործիչների՝ Կարո Արմենյանին եւ Գեւորգ Քեփենեկյանին: Առաջարկը Քեփենեկյանի կողմից հարգելի պատճառաբանությամբ, իսկ Արմենյանի կողմից՝ անհայտ նկատառումներով մերժվել է:


Անցնելով կադրերի ընտրության հարցում իբր թե դրսեւորվող քաղաքական նկատառումներին` հարկ է նշել հետեւյալը. Վազգեն Մանուկյանի կառավարության 36 անդամներից միայն հինգն էին ՀՀՇ‑ական. ինքը՝ Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը, Կտրիճ Սարդարյանը, Աշոտ Մանուչարյանը եւ Ալեքսան Հակոբյանը:

 

Գագիկ Հարությունյանի եւ Խոսրով Հարությունյանի կառավարությունում, որ կազմված էր 38 անդամներից, վեց ՀՀՇ‑ական կար` Հրանտ Բագրատյանը, Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը, Վալերի Պողոսյանը, Վահան Շիրխանյանը եւ Սամվել Գեւորգյանը: Իսկ Հրանտ Բագրատյանի կաբինետում ՀՀՇ‑ական են 38 անդամներից հինգը. ինքը՝ Բագրատյանը, Վազգեն Սարգսյանը, Վահան Փափազյանը, Վանո Սիրադեղյանը եւ Դավիթ Զադոյանը:


Այժմ` կադրերին անձնական նվիրվածության սկզբունքով ընտրելու մասին: Այդ առիթով կարող եմ նշել միայն հետեւյալը` եզրակացությունները թողնելով հասարակության անաչառությանը: Մինչեւ հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելը ես անձամբ ծանոթ եմ եղել Վազգեն Մանուկյանի կառավարության 36 անդամներից միայն տասներեքին: Դրանք են` Վազգեն Մանուկյանը, Գեւորգ Վարդանյանը, Հրանտ Բագրատյանը, Կտրիճ Սարդարյանը, Աշոտ Մանուչարյանը, Վահե Ստեփանյանը, Աշոտ Եսայանը, Հուսիկ Հարությունյանը, Եսայի Ստեփանյանը, Ռոբերտ Մեհրաբյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Ալեքսան Հակոբյանը եւ Կարեն Սիմոնյանը: Գագիկ Հարությունյանի եւ Խոսրով Հարությունյանի կաբինետների 38 անդամների թվում նույն ժամանակից առաջ ծանոթ եմ եղել տասնվեցին` Հրանտ Բագրատյան, Գեւորգ Վարդանյան, Աշոտ Եսայան, Վահե Ստեփանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Կարինե Դանիելյան, Գրիգոր Պողպատյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան, Հակոբ Մովսես, Վալերի Պողոսյան, Ստեփան Բադալյան, Վահան Շիրխանյան, Սամվել Գեւորգյան, Վլադիմիր Մովսիսյան եւ Հուսիկ Հարությունյան: Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի կաբինետին, ապա այստեղ նույնպես այդ մարդկանց թիվը կազմում է կառավարության 38 անդամներից տասնվեցը. Հրանտ Բագրատյան, Աշոտ Եսայան, Վահե Ստեփանյան, Վահան Փափազյան, Կարինե Դանիելյան, Արմեն Եղիազարյան, Գրիգոր Պողպատյան, Հակոբ Մովսես, Վանո Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան, Դավիթ Զադոյան, Լեւոն Բարխուդարյան, Ստեփան Բադալյան, Վլադիմիր Մովսիսյան, Վազգեն Սարգսյան եւ Ռաֆայել Բագոյան: Սա էլ, ահա, կադրերի անձնական նվիրվածության մասին:


Ես ձեզ թերեւս ձանձրացրի անունների թվարկումով, սակայն այս հարցն այնքան շատ եւ կույր համառությամբ է շահարկվում, որ կարծում եմ` ավելորդ չէր մեկանգամընդմիշտ սպառիչ պատասխան տալ դրան:


Այսպիսով, նկատի ունենալով վերը շարադրվածը` հարկ եմ համարում հիշեցնել, որ Հանրապետության Նախագահը կադրերի ընտրության հարցում առաջնորդվել եւ այսուհետ եւս առաջնորդվելու է նրանց մասնագիտական, կազմակերպչական կարողությունների եւ մարդկային հատկանիշների նկատառումով:

 

Այս սկզբունքի հետեւողական գործադրման շնորհիվ հանրապետության կառավարման համակարգում հայտնվել են զգալի թվով կարող, մտավորական ուժեր, որոնք իրենց ձեռք բերած փորձառությամբ ի վիճակի են լուծել մեր սոցիալ‑տնտեսական կյանքի խնդիրները:


Բերելով այս մանրամասները, ես չեմ փորձում, անշուշտ, խուսափել պատասխանատվությունից (կրկին այս չարաբաստիկ բառը) եւ ժխտել ներկա իշխանությունների ՀՀՇ‑ական լինելու հանգամանքը: Հանրապետության ներկա իշխանությունները, այո՛, ՀՀՇ‑ական են այնքանով, որքանով առաջնորդվում են ՀՀՇ գաղափարախոսությամբ եւ իրականացնում նրա ծրագիրը՝ իրավունք, որ տրվել է ժողովրդի կամքով:


 
4. ՀՀՇ‑ին ներկայացվում է նաեւ ապակառուցողականության, Գերագույն խորհրդի գործունեությունը վիժեցնելու մեղադրանք: Թեեւ այս հարցին իր զեկուցման մեջ մանրամասն անդրադարձավ ՀՀՇ վարչության նախագահ Տեր‑Հուսիկ քահանա Լազարյանը, ես նույնպես կարեւոր եմ համարում համառոտակի կանգ առնել դրա վրա:


Նման տպավորություն իսկապես կարող է ստեղծվել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ խորհրդարանական ընդդիմությունը, որպես կանոն խուսափելով իր բուն` օրենսդրական պարտականությունների կատարումից, համառորեն ձգտում է Գերագույն խորհուրդը վերածել քաղաքական պայքարի թատերաբեմի, վերաբաշխել օրենսդիր եւ գործադիր իշխանությունների լիազորությունները, վերականգնել Սովետների բացարձակ իշխանությունը, իսկ ՀՀՇ‑ն նույնպիսի հետեւողականությամբ ձախողում է բոլոր նման փորձերը:


Սակայն երբ խնդրին մոտենում ենք Գերագույն խորհրդի բուն՝ օրենսդրական գործունեության տեսանկյունից, պարզվում է լիովին հակառակը: Անցած երեք տարվա ընթացքում Գերագույն խորհրդի բոլոր օրենքներն ու կարեւոր որոշումներն ընդունվել են միայնումիայն ՀՀՇ‑ի, անկախ պատգամավորների, մասամբ` կոմունիստական, ագրարային եւ ռամկավար‑ազատական խմբակցությունների ջանքերով: Դաշնակցությունը եւ ԱԺՄ‑ն, որպես կանոն, միշտ դեմ են եղել այդ օրենքներին ու որոշումներին, իսկ հաճախ ընդհանրապես չեն մասնակցել քվեարկություններին:


Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ ՀՀՇ խմբակցությունը լուրջ, կառուցողական մոտեցում հանդես բերեց նաեւ Գերագույն խորհրդի բարեփոխման` այնքան խոսակցությունների առարկա դարձած օրինագծի ընդունման հարցում: Օրինագծի ընդունումը նորից խափանվեց դաշնակցության, ԱԺՄ‑ի եւ կոմունիստների կողմից` այն պատճառաբանությամբ, թե իբր այն նոր լիազորություններ է տալիս Հանրապետության Նախագահին: Խոսքը վերաբերում է Գերագույն խորհրդի որոշումների նկատմամբ Նախագահի վետոյի իրավունքին: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նախագահն իսկապես նոր լիազորություն է ձեռք բերում, բայց միայն առաջին հայացքից: Իսկ իրականում, ինչպես այսօր Գերագույն խորհրդի որոշումներն ընդունվում են 125 ձայնով, Նախագահի վետոն նույնպես պետք է հաղթահարվեր 125 ձայնով, այսինքն ոչինչ չէր փոխվում: Ընդդիմության նման դիրքորոշման բուն պատճառը, սակայն, այն էր, որ ՀՀՇ‑ի եւ այլ պատգամավորական խմբերի պաշտպանած օրինագիծը զգալիորեն հեշտացնում էր օրենքների ընդունման գործը. մի նպատակ, որ ամենեւին չի մտնում դաշնակցության եւ ԱԺՄ‑ի հաշվարկների մեջ:


Թե որն է, ուրեմն, Խորհրդարանում ընթացող կառուցողական աշխատանքը, թող ժողովուրդը դատի: 


5. Եւս մեկ ծանրակշիռ մեղադրանք. ՀՀՇ‑ն եւ հանրապետության ներկա իշխանությունները քայքայեցին Հայաստանի տնտեսությունը, ժողովրդին հասցրին չքավորության եզրը` ուրանալով կոմունիստների հսկայական շինարարական աշխատանքը, իրենք ոչինչ չկառուցեցին եւ այլն, եւ այլն:


Եթե անտեսելու լինենք համակարգային արմատական փոփոխությունների հետեւանքով առաջացած անխուսափելի բարդությունները, ապա անհնար է չհամաձայնել այս մեղադրանքի հետ, մանավանդ որ կյանքի շեշտակի վատթարացման անուրանալի փաստը խոսում է միմիայն դրա օգտին:


Բայց այդ հանգամանքն անտեսելու դեպքում պետք է ընդունել, որ ՀՀՇ‑ն եւ Հայաստանի ներկա իշխանություններն են քայքայել նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Վրաստանի, Ադրբեջանի տնտեսությունները, որովհետեւ կյանքի շեշտակի վատթարացման անուրանալի փաստն առկա է նաեւ այնտեղ:


Եթե համակարգային փոփոխությունների՝ նախկին խորհրդային բոլոր հանրապետություններին հատուկ բացասական հետեւանքներին ավելացնենք նաեւ Հայաստանի յուրահատուկ բարդությունները՝ աղետի գոտու վերականգնման, 300 հազար գաղթականների ադապտացիայի խնդիրներն ու, մանավանդ, Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմը եւ հանրապետության համարյա լիակատար շրջափակումը, ապա կարծում եմ` պատկերը լիակատար կդառնա:


Քանի դեռ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն չի հաստատվել, եւ չեն վերացվել Հայաստանի շրջափակումները, ոչ մի իշխանության, լինի ՀՀՇ‑ական, դաշնակցական, թե կոմունիստական, չի հաջողվի քիչ թե շատ բարելավել հանրապետության սոցիալ‑տնտեսական իրավիճակը: Սա՛ է դրության իրական պատկերը, եւ սնանկ են այլ պատճառների փնտրտուքները:


Այժմ անցնենք կոմունիստների եւ Հայաստանի ներկա իշխանությունների շինարարական գործունեության հարցին:


Նախ անուրանալի է, իհարկե, որ կոմունիստական վարչակարգի 70 տարիների ընթացքում Հայաստանում ծավալվեց հսկայական շինարարական աշխատանք, յուրացվեցին հարյուրհազարավոր հեկտար նոր հողեր, բնակչության թիվը քառապատկվեց, լուրջ ծաղկում ապրեց մշակույթը, միջնակարգ եւ բարձրագույն կրթությունը, գիտությունը, առողջապահությունը:


Սակայն, միաժամանակ անժխտելի է նաեւ, որ առաջին շենքը Երեւանում կառուցվեց 1928 թվականին՝ խորհրդային իշխանության հաստատումից ութ տարի անց, որ հարյուրհազարավոր հայորդիներ զոհ գնացին գյուղի կոլեկտիվացման բռնարշավին եւ ստալինյան հալածանքներին, որ հայ մշակույթը կորցրեց իր հանճարեղ ներկայացուցիչներին՝ Եղիշե Չարենցին եւ Ակսել Բակունցին, որ անխնա ավերվեցին հայոց հազարամյա եկեղեցիները, որ կոմունիստների «փառահեղ» շինարարությունը պատճառ դարձավ Գյումրիի, Սպիտակի եւ աղետի գոտու տասնյակ հազարավոր բնակիչների նահատակության, որ կոմունիստները նույն «փառահեղ» շինարարությունն իրականացրել են նաեւ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում, եւ Աստված մի՛ արասցե` կրկնվի նույն ուժգնության մի երկրաշարժ:


Եթե ընդդիմությունը շեշտում է անցյալի դրականը, որ մենք էլ չենք կարող ժխտել, ապա բարի պետք է լինի չմոռանալ նաեւ ողբերգականը` հույս չդնելով ժողովրդի «կարճ» հիշողության վրա:


Ինչ վերաբերում է ներկա իշխանությունների շինարարական գործունեությանը, ապա պետության կողմից, թեկուզ այս դժվարին պայմաններում, աշխատանքները երբեք չեն դադարեցվել, մանավանդ աղետի գոտում, իսկ վերջին երկու տարիներին պետության հովանավորությամբ Հայաստանի ողջ տարածքում ծավալվել է հսկայական անհատական շինարարություն, որի վկան կարող եք լինել հանրապետության ցանկացած բնակավայրում, յուրաքանչյուր քայլափոխի: 

 
6. Թերթից թերթ, հոդվածից հոդված, հանրահավաքից հանրահավաք քոչող մյուս մեղադրանքը. ՀՀՇ‑ն փակեց «Նաիրիտն» ու ատոմակայանը, իսկ այժմ իշխանության գալով` անամոթաբար վերագործարկում է դրանք:


Այս հարցի հանգամանալից պարզաբանումը ես երկիցս տվել եմ խորհրդարանում, բայց դրանից մեղադրանքի արծարծումն ամենեւին չի դադարել:


«Նաիրիտն» իսկապես փակեց ՀՀՇ‑ն` հսկայական ճնշում գործադրելով վերջին կոմունիստական Գերագույն խորհրդի վրա: Փակեց երեք նկատառումով` բնապահպանական, տնտեսական եւ քաղաքական:

 

Շարժման տեսակետից հատկապես կարեւոր էին վերջին երկու նկատառումները:


«Նաիրիտի» հարյուրավոր միլիոնների արժութային ողջ հարստությունը տնօրինում էր Խորհրդային Միությունը՝ փոխարենը թունավորելով Հայաստանի մթնոլորտը եւ ռուբլով վճարելով միայն աշխատավորների աշխատավարձը: ՀՀՇ‑ն այդ պատճառով պնդում էր, որ եթե Հայաստանը թունավորվում է, ապա գոնե ինքը պետք է տնօրինի այդ հարստությունը: Քաղաքական տեսակետից «Նաիրիտի»՝ որպես Խորհրդային Միության կաուչուկի արտադրության մոնոպոլիստի փակումը նշանակում էր հզոր ճնշում կենտրոնական իշխանությունների վրա՝ Լեռնային Ղարաբաղի հարցում նրանից զիջումներ կորզելու նպատակով: Խորհրդային Միությունը կրեց հսկայական վնասներ. վալյուտայով արտասահմանից գնեց անհրաժեշտ հումքը, բայց զիջումների չգնաց: ՀՀՇ‑ի ակնկալիքը չարդարացավ, եւ Հայաստանի ներկա իշխանություններն, արդեն զուտ տնտեսական նկատառումներով, վերանայեցին իրենց որոշումը:


Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա նրա փակման գործում ՀՀՇ‑ն որեւէ դերակատարություն չի ունեցել: Ճիշտ է՝ ՀՀՇ‑ի ծրագրում արտահայտված է եղել ատոմակայանի փակման պահանջը. այդ պահանջը բազմիցս հնչել է նաեւ ՀՀՇ‑ի կազմակերպած հանրահավաքներում, բայց երբ 1989 թվականի հունվարին ԽՍՀՄ եւ այնուհետեւ Հայաստանի Մինիստրների խորհրդում ընդունվեց ատոմակայանի փակման որոշումը, ՀՀՇ‑ն նրա վրա ամենեւին չէր կարող ազդել: Այն պարզ պատճառով, որ Շարժումն այդ ժամանակ լիովին կաթվածահար էր եղել. ձերբակալված էին «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամները եւ Շարժման հարյուրից ավելի ակտիվիստներ: Շարժումը վերակենդանացավ միայն այդ ակտիվիստների բանտից ազատ արձակվելուց, 1989 թ. փետրվարի 28‑ի Սումգայիթի ոճրագործության տարեդարձին նվիրված հանրահավաքից ու մարտի 8‑ի ցույցից հետո:


Սա ամենեւին չի ասվում ժամանակի իշխանություններին մեղադրելու նպատակով. ով էլ լիներ իշխանության գլուխ, ահավոր երկրաշարժից հետո չէր կարող ընդունել այլ որոշում, քան ատոմակայանի փակումը՝ խուսափելու համար ավելի ահավոր վտանգներից: Ժողովրդի եւ իշխանությունների այդ օրերի հոգեվիճակում նման որոշման ընդունումն արդարացված եւ անխուսափելի էր: 
 
7. Մի ուրիշ լուրջ մեղադրանք. Արցախի եւ Հայաստանի վերամիավորման կարգախոսով գալով իշխանության գլուխ՝ ՀՀՇ‑ն այնուհետեւ դավաճան դուրս եկավ եւ բազմիցս ծախեց Արցախը, որ հատկապես տարակուսանք է առաջացնում, քանի որ մեկ ապրանքը մի անգամ միայն կարելի է ծախել, մանավանդ, որ գնողն էլ մինչեւ այժմ չի հայտնաբերվել:


Որ Շարժումն իշխանության գալուց, ավելի ճիշտ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի անկախացումից հետո փոխեց իր կարգախոսը, նորից ավելի ճիշտ՝ իր քաղաքականությունը, միանգամայն իրավացի է:


Արցախի եւ Հայաստանի վերամիավորումը հնարավոր էր Խորհրդային Միության գոյության պայմաններում, երբ դա միջազգային իրավունքի տեսակետից դիտվում էր որպես ներքին սահմանների փոփոխություն:


Մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի անկախացումից հետո անխուսափելիորեն անհրաժեշտ էր փոխել քաղաքականությունը՝ շեշտը դնելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ազգերի ինքնորոշման վրա. մի սկզբունք, որ հաջողությամբ որդեգրեց ինքը՝ Լեռնային Ղարաբաղը:


ՀՀՇ‑ին եւ Հայաստանի իշխանություններին մեղադրողները, կարծում եմ, չեն կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք այնքան միատարր, երբեք այնքան պաշտպանված, երբեք այնքան միջազգայնորեն ճանաչված չի եղել, որքան այսօր: Արցախահայությունը ցրեց Ղարաբաղի հարցը ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի փայփայած հույսը: Ղարաբաղն ապացուցեց ինքնապաշտպանության իր կարողությունը, որի շնորհիվ էլ պահպանում է իր գոյությունը: Ինքնապաշտպանությունն այսօր Ղարաբաղի անվտանգության միակ երաշխիքն է, սակայն ժամանակն է այն փոխարինելու միջազգային երաշխիքների նոր եւ ավելի հուսալի համակարգով:


Այս առումով, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի կողմից ԵԱՀԽ‑ի խաղաղարար ծրագրի ընդունումն առաջին լուրջ քայլը պետք է համարել խաղաղության հաստատման, արցախահայության անվտանգության եւ բնականոն կենսագործունեության ապահովման ու հիմնահարցի փոխզիջումային լուծման ճանապարհին:


Ծրագրի շուտափույթ իրականացումը բխում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կենսական շահերից, ուստի ոչ մի ջանք չպետք է խնայել նրա հաջողությունն ապահովելու համար: Ոչ մի ուժ չի կարող կասեցնել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՝ հաստատակամորեն իրականացնելու խաղաղության տանող այդ ծրագիրը: 

 
8. Տարածված հերյուրանքներից է նաեւ այն, թե իբր ՀՀՇ‑ն եւ Հայաստանի ներկա իշխանությունները դեմ են Սահմանադրություն ընդունելուն: Մասնավորապես` ինձ է վերագրվում մի միտք, այն է՝ «Հայաստանին Սահմանադրություն պետք չէ», որը ես երբեւիցե չեմ արտասանել: Բայց դա չի խանգարում, որ այն փոխանցվի թերթից թերթ, չակերտների մեջ, որպես ուղղակի խոսք:


Ես իսկապես դեմ եմ եղել, եւ այսօր էլ գտնում եմ, որ ճիշտ եմ վարվել, որ Սահմանադրությունն ընդունվեր, ասենք` 1990–1991 թվականներին, երբ Հայաստանը գտնվում էր անկախության գործընթացի մեջ, թույլ պետական կառույցներով, անցման շրջանի խախուտ օրենսդրությամբ:


Համոզված եմ, որ այդ ժամանակ ընդունված Սահմանադրությունից այսօր ոչինչ չէր մնա, եւ ժողովրդի աչքում մենք հիմնովին կվարկաբեկեինք պետության կայունության խորհրդանիշը հանդիսացող այդ կարեւորագույն փաստաթղթի վարկը, որը կարող էր հետագայում լրջորեն անդրադառնալ քաղաքացիական համերաշխության եւ պետական կյանքի կազմակերպման վրա:


Այսօր, երբ արդեն Հայաստանը ձեռք է բերել իր լիակատար անկախությունը, երբ բավականաչափ հստակեցվել է իշխանությունների տարանջատման սկզբունքը, երբ կյանքում արդեն գործադրվել է նոր պահանջներին բավարարող օրենսդրությունը՝ միանգամայն հասունացած կարելի է համարել Սահմանադրության ընդունման պահը:


Ձեզ հայտնի պետք է լինի այն հսկայական աշխատանքը, որ այդ ուղղությամբ արդեն իրականացրել է Գերագույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովը: Հունիսի 23‑ին Սահմանադրական հանձնաժողովը հավանություն տվեց Սահմանադրության վերջնական նախագծին եւ այն ներկայացրեց Գերագույն խորհրդի քննարկմանը:


Եւ ամենայն գոհունակությամբ պետք է նշեմ, որ Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին ամենաշահագրգիռ ու արդյունավետ մասնակցությունն ունեցան նաեւ ՀՀՇ‑ական պատգամավորները: 


9. Հայաստանի ներկա իշխանություններն ամբաստանվում են նաեւ այն բանում, թե իբր նրանք, ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, հապաղեցին բանակի ստեղծման հարցում: Ադրբեջանն ընթացավ Ռուսաստանի հետ առճակատման եւ խորհրդային բանակի բռնի ազգայնացման ճանապարհով:


Հայաստանն իրավունք ունե՞ր, արդյոք, ընթանալու նույն ճանապարհով, ինչպես պահանջում էին մեզ մեղադրողները:


Մի՞թե հասկանալի չէր Ադրբեջանի եւ Հայաստանի վիճակների տարբերությունը:


Մենք կարո՞ղ էինք վտանգել Ռուսաստանի հետ ունեցած մեր բարեկամությունը` գտնվելով, մեղմ ասած, ոչ այնքան նպաստավոր աշխարհագրական միջավայրում:


Սրանք հարցեր են, որոնք մանկամիտները միայն կարող են անտեսել:


Արդյունքում մենք քաղաքակիրթ կերպով` միջպետական համաձայնագրերով ստացանք մոտավորապես այն, ինչ Ադրբեջանն ստացավ առճակատման գնով՝ վերջին հաշվով դառնագույնս հատուցելով դրա համար: 


Հայաստանը ստորագրեց նաեւ կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը եւ իր տարածքում պահպանեց ռուսական բանակի դիվիզիաներից մեկը, որն առաջիկայում, հավանաբար, կօժտվի ռազմական բազայի կարգավիճակով:


Այսօր Հայաստանի բանակն արդեն իրողություն է եւ ոչնչով չի զիջում Ադրբեջանի բանակին: Եւ այդ իրողությունը կերտվել է ճշգրիտ հաշվարկված ու ժամանակին գործադրված քայլերի միջոցով, որ ոչ ոք չի կարող ժխտել, քանի որ փաստն անուրանալի է: 


10. ՀՀՇ‑ի եւ Հայաստանի ներկա իշխանությունների մահացու «խարաններից» է նաեւ հակառուսականությունը եւ, ո՜վ սարսափ, երդվյալ թուրքամետությունը:


Հակառուսականության շուրջ չեմ ուզում ծավալվել, անելով միայն հետեւյալ, թեկուզ մերկապարանոց թվացող հայտարարությունը:


Հայ‑ռուսական հարաբերությունների երեքհարյուրամյա պատմության ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի կապերը երբեւիցե այնքան սերտ, այնքան անկեղծ, այնքան բարեկամական չեն եղել, որքան Ելցինի եւ Լեւոն Տեր‑Պետրոսյանի օրոք, եւ դա միմիայն շնորհիվ այն բանի, որ երկու երկրներում էլ իշխանության են եկել իրապես ժողովրդավարական ուժեր, որոնց գործունեությունը հիմնվում է միջազգային իրավունքի նորմերի եւ համամարդկային արժեքների վրա: Հայ‑ռուսական բարեկամության նորընծա ջատագովի դերին հավակնող Հայ հեղափոխական դաշնակցության կասկածելի եւ բացահայտ կապերը Ռուսաստանի պահպանողական, սեւհարյուրյակային տարրերի հետ` իրականում սպառնում են վտանգել այդ բարեկամությունը:


Ինչ վերաբերում է թուրքամետությանը, ապա եթե այդպիսին է համարվում Թուրքիայի՝ որպես հարեւան երկրի հետ բնականոն հարաբերություններ զարգացնելու, փոխշահավետ համագործակցություն ծավալելու ձգտումը, այո՝ այդքանով մենք թուրքամետ ենք: Եթե այդպիսին է համարվում Թուրքիայի ճանապարհներով ցորեն եւ կենսական այլ ապրանքներ ստանալու փաստը, այո՝ այդքանով նույնպես մենք թուրքամետ ենք:

 

Միայն թե այդ դեպքում չպետք է մոռանալ, որ դեռեւս 1918 թվականին Արամ Մանուկյանի առաջին գործերից մեկը եղել է հայ ժողովրդի ջարդարար Խալիլ փաշայի ձեռքով Հայաստանի սովյալների համար 20.000 փութ ցորենի ստացումը: 
 
11. Եւս մի` դժոխքի արժանի մեղք. ՀՀՇ‑ն եւ հանրապետության ներկա «իշխանիկները» Հայաստանը դիտում են որպես սեփական կալվածք, պառակտում են Սփյուռքը, ոտնահարում կամ անտեսում սփյուռքահայերի իրավունքները: Սփյուռքի պառակտման մեղադրանքը հասցեագրվում է հատկապես անցյալ տարվա հունիսի 29‑ի իմ ելույթին:


Պարզունակ ձեռնածությամբ դաշնակցության ղեկավարությունը, որին ուղղված էր իմ ելույթը, իրեն նույնացնում է ողջ Սփյուռքին՝ փորձելով նրան հասցեագրել ելույթի պարունակած հարցադրումները:

Սփյուռքի պառակտման մեղադրանքը ներկայացնողները, կարծում եմ, նախեւառաջ պարտավոր էին ապացուցել, որ Սփյուռքը երբեւէ միավորված է եղել, իսկ դա նշանակում է` ապացուցել անապացուցելին:


Իրականում Սփյուռքն իր սկզբնավորման օրից աչքի է ընկել ընկերային, դավանաբանական, հայրենակցական, կրթական, մշակութային հատվածականությամբ, որը հատկապես խորացել է ավանդական քաղաքական կուսակցությունների գործունեության պատճառով: Հատվածականության խորացման գործում իրենց բացասական դերն են ունեցել նաեւ Խորհրդային Հայաստանի իշխանությունները եւ, մանավանդ, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն:


Սփյուռքի պառակտման մասին խոսողները կարծեք թե մոռացել են, թե ինչպես տասնամյակներ շարունակ ապրիլի 24‑ին ավանդական կուսակցությունները յուրաքանչյուր գաղթօջախում կազմակերպում էին երեք առանձին սգահանդես, թե ինչպես նրանց ջանքերով բաժանվեց հայ ժողովրդի սրբության սրբոցը՝ Հայ Առաքելական Եկեղեցին, թե ինչպես նրանց ջանքերով այսօր էլ վիժեցվում է եկեղեցու վերամիավորման հրամայականը, չնայած զույգ վեհափառների մերձեցման ամենալուրջ միտումներին, թե ինչպես Սփյուռքի կրթական համակարգը գրեթե ամբողջությամբ ենթարկված է կուսակցական բաժանման սկզբունքին եւ այլն: Սփյուռքի հրապարակախոսությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր անհատ, կարծում եմ, պատրաստ է հավաստել, որ այս իրավիճակը եղել է սփյուռքահայ մտավորականության մշտական մտահոգության առարկան:


Սփյուռքի միավորման միտումներն, ընդհակառակը, միանգամայն նոր երեւույթ են: Դրա առաջին խթանիչը հանդիսացավ 1988‑ի երկրաշարժը, որը զորաշարժի հանեց ողջ հայությանը, իսկ երկրորդը՝ հայոց անկախ պետականության վերականգնումը, որի ձգողական ուժն առաջիկա տարիներին դառնալու է Սփյուռքի արմատական վերափոխման հիմքը: Դրան արդեն որոշակի նպաստ են բերում Հայաստանի նորաբաց դեսպանատները եւ «Հայաստան» հիմնադրամի արտասահմանյան կառույցները:


Մի քանի խոսք էլ սփյուռքահայության իրավունքների ոտնահարման կամ անտեսման մասին, հարց, որը բորբոքվեց հատկապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիության օրենքի քննարկման առթիվ:


Ծիծաղելի է, իհարկե, ժխտել, որ Հայաստանը համայն հայության հայրենիքն է: Հայաստանի դռները բաց են յուրաքանչյուր սփյուռքահայի համար, որը պատրաստ է իր նպաստը բերել պետականության ամրապնդման, ժողովրդի բարգավաճման գործին: Եւ այսօր իսկ արդեն քիչ չեն այդպիսի անհատները, որոնք հաջողությամբ պաշտոնավարում են պետական կառավարման համակարգում՝ նախարարների, փոխնախարարների, խորհրդականների ու փորձագետների պաշտոններով:


Հայաստանը պատրաստ է նաեւ քաղաքացիություն շնորհել ցանկացած սփյուռքահայի` պայմանով սակայն, որ քաղաքացու լիակատար իրավունքներից, այդ թվում` ընտրելու եւ ընտրվելու իրավունքից օգտվելու դեպքում, նա պետք է լիովին կատարի նաեւ իր պարտականությունները` հարկերի մուծումը, զինապարտությունը եւ այլն: 


12. ՀՀՇ‑ի եւ Հայաստանի ներկա իշխանությունների ամենամեծ «մեղքը», սակայն, Հայ Դատի եւ պահանջատիրության ուրացումն է:


Մտադրություն չունենալով ծավալվել, ուզում եմ բավարարվել միայն հետեւյալ հայտարարությամբ:
ՀՀՇ‑ի եւ ներկա իշխանությունների համար Հայ Դատն այսօր Հայոց պետականության կայացումն է, Հայաստանի բարգավաճումն ու հզորացումը, Լեռնային Ղարաբաղի հայապահպանումը: Յուրաքանչյուր սերունդ ազգի առջեւ ունի իր պարտքը: Եթե մեր սերնդին հաջողվի իրականացնել նշված ծրագիրը, նա իր պարտքը լիովին հատուցած կլինի:


ՀՀՇ‑ն եւ Հայաստանի ներկա իշխանություններն իրենց առջեւ մշտապես դրել են միայն իրական եւ լուծելի խնդիրներ եւ այսուհետեւ էլ մտադիր չեն շեղվելու այդ գործելակերպից: Պատրանքներն ու սնամեջ քաղաքական բաղձանքները միմիայն թունավորել են ազգի հոգին եւ հոխորտանքների ու սնապարծության թմրադեղով, թերարժեքության բարդույթով վարակել նրան:


Եթե փորձելու լինենք ներկա հայ իրականության խորքային երեւույթները վերածել փիլիսոփայական սահմանման, ապա անխուսափելիորեն կհանգենք հետեւյալ ճշմարտությանը.


Հայոց պետականության կայացման, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման եւ ընդհանրապես ազգային գաղափարախոսության դրսեւորման ընդերքում այսօր ընթանում է անհաշտ պայքար քաղաքական մտքի երկու ուղղությունների` պատմական իրավունքի վրա հիմնված ավանտյուրիզմի եւ ռեալ իրականության վրա հիմնված ռացիոնալիզմի միջեւ:


Այդ պայքարը գոյություն է ունեցել նաեւ նախկինում, մասնավորապես 1918–1920 թվականներին` Հայոց առաջին հանրապետության օրոք: Դժբախտաբար, այն ժամանակ պայքարն ավարտվեց առաջին ուղղության հաղթանակով, որի հետեւանքով Հայաստանը կորցրեց թե՛ իր անկախությունը, թե՛ իր տարածքների զգալի մասը:


Այսօր հայ ժողովուրդը որոշ ընդդիմադիր կուսակցությունների ջանքերով նորից կանգնած է նույն փորձության, նույն երկընտրանքի առջեւ, թեեւ իրականում երկընտրանք գոյություն չունի, քանի որ առաջին տարբերակը մեկընդմիշտ ապացուցել է իր լիակատար սնանկությունը եւ կործանարարությունը:

Հայ ժողովրդի բախտն այսօր լիովին կախված է պատմական փորձառությունից դաս քաղելու նրա ընդունակությունից եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների քաղաքական կամքից:
Համոզված եմ, որ գոնե այս անգամ այդ ընդունակությունն ու կամքը նրանց չեն լքի, եւ պատմականության փոխարեն իրականությունը կդառնա մեր ազգային գաղափարախոսության հիմքը: Այդ գաղափարախոսության կրողի պատիվն առայժմ պատկանում է միայն ՀՀՇ‑ին, նրանից անջատված ԱԺՄ‑ին, ինչպես նաեւ Հայաստանի ու Սփյուռքի որոշ մտավորական շերտերի, սակայն վստահ եմ, որ այն շուտով համակելու է ողջ հայությանը: 

 
Այսքանով, իհարկե, չի ավարտվում ՀՀՇ‑ին եւ Հայաստանի ներկա իշխանություններին ներկայացվող մեղադրանքների, ամբաստանությունների, ավելին` հերյուրանքների, զրպարտությունների, բամբասանքների շարքը: Եւ թող ոչ ոքի մոտ պատրանք չառաջանա, թե այս ելույթից հետո դրանք դադարելու են: Վաղը նորից կրկնվելու են, ավելացվելու են նորերը, եւ այսպես շարունակ: Մեր «մեղքերը» շատ են, եւ ավելի շատ էլ վերագրվելու են:


Ես ձեզ մաղթում եմ տոկունությամբ եւ համբերատարությամբ, արժանապատվությամբ ու մեծահոգությամբ կրել այդ ծանր, բայց եւ պատվաբեր լուծը:


Մաղթում եմ նաեւ՝ երբեք ձեզ չերեւակայել ժողովրդի ծառաներ, որովհետեւ նա, ով իրեն հռչակում է ժողովրդի ծառա, ենթագիտակցաբար իրեն վեր է դասում ժողովրդից՝ նրան ծառայելը շնորհ նկատելով:


Շնորհակալություն ուշադրության եւ համբերության համար:

1993-07-21

Մեծարգո պարոն նախագահ,


Մեծարգո պատգամավորներ,


Նկատի ունենալով, որ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության խնդիրները բազմիցս դարձել են լուրջ քննարկման առարկա, բոլոր ամբիոններում արծարծվել ու հստակորեն ներկայացվել են իշխանության տարբեր մարմինների ու հասարակական‑քաղաքական կազմակերպությունների մոտեցումներն ու տեսակետները, որոնց այսօր դժվար թե հնարավոր է նոր բան ավելացնել` սույն հաղորդման մեջ հարկ եմ համարում ամբողջությամբ կենտրոնանալ հանրապետության սոցիալ‑տնտեսական  


Դժբախտաբար, առօրյա իրադարձությունների արագ զարգացման, փոփոխության պատճառով

Վեհափառ Տեր,


Մեծարգո նախագահող,


Հարգելի պատգամավորներ եւ հյուրեր,


Քիչ առաջ, երբ այս պատվական լսարանի` մեր ժողովրդի արժանավորագույն ներկայացուցիչների առջեւ ես հանդիսավոր երդմամբ հավատարմություն հայտնեցի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, նրա ազգային ու պետական շահերին - դրանք լոկ հավուր պատշաճի ազդարարված խոսքեր չէին, այլ հայ ժողովրդի դարերով փայփայած իղձերի խտացումն ու իրեղենացման արտահայտությունը:


Բախտի  


Քննարկումն ի՞նչ ցույց տվեց: Կոնկրետությունը, կոնկրետ հարցի քննարկումը միշտ հանգեցնում է քաղաքական դիրքորոշումների բացահայտման եւ գաղափարների հստակեցման: Դա անխուսափելի է եւ անհրաժեշտ: Ես չեմ ուզում անդրադառնալ, մեղմ ասած, այն կեղծ հայտարարություններին, որոնք արվում են ժողովրդի անունից կամ հանրաքվեի արդյունքների ոգեւորության ազդեցությամբ: Հանրաքվեն էլ վերածվում է շահարկման առարկայի, մեր ժողովրդի միասնության այս դրսեւորմանը տրվում են ամենեւին ոչ համարժեք բացատրություններ:


Խոսում են ժողովրդի անունից,  


Հարգելի պրեզիդենտ,


Հարգելի նախագահություն,


Հարգելի պատգամավորներ եւ հյուրեր,


Համագումարում ունենալիք իմ ելույթը նախօրոք էի պատրաստել, սակայն ԽՍՀՄ պրեզիդենտի եւ հանրապետությունների ղեկավարների արած հայտարարության լույսի տակ անիմաստ է դառնում դրա հրապարակումը, մանավանդ, որ այն մեծապես համահունչ է հայտարարության բովանդակությանը: Ուստի եւ նպատակահարմար եմ գտնում բավարարվել քննարկվող հայտարարությանն առնչվող միայն որոշ դիտողություններով:


Նստաշրջանի աշխատանքն սկսելուց առաջ, ինձ թվում է, անհրաժեշտ է գոնե թռուցիկ հետադարձ հայացք նետել անցած ժամանակաշրջանի վրա, որ բխում է մեր հետագա գործունեության մեջ նախկին սխալները չկրկնելու հրամայականից:


Որեւէ իշխանության գործունեության գնահատման համար, կարծում եմ, գոյություն ունի երեք առարկայական չափանիշ:


Առաջին չափանիշը տվյալ իշխանության որդեգրած քաղաքականության, այսինքն` նրա կողմից ընդունված ծրագրի իրականացման հետեւողականությունն է: Հանրապետության ներկա իշխանությունների գործունեության  


Հարգելի պատգամավորներ,


Երկու օր է, ինչ Հայոց խորհրդարանը քննում է միութենական հանրաքվեի եւ միութենական պայմանագրի նկատմամբ մեր վերաբերմունքի հարցը:


Այս քաղաքական բանավեճը ես համարում եմ երեւույթ, միայն թե կցանկանայի կատարել մի քանի անհրաժեշտ ճշգրտում:


Բնական է, որ բանավեճի ժամանակ կողմերը դիմում են ծայրահեղացումների, խիստ եւ կտրուկ շեշտադրումների, բայց դա չպետք է հասնի գռեհկացման:


Նման գռեհկացում եմ ես համարում  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com