Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
Քո կարծիքը
 Lavaguyn nory veradarcac hinn e... comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2008 Թ. ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Սիրելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, հայրեր եւ երեխաներ, սա մեր առաջին համահանրապետական հանրահավաքն է մարտի 1-ից հետո, ուստի օգտագործելով այս առիթը` ես նախեւառաջ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Շնորհակալություն։

June202008(4).jpgՍովորական ետընտրական իրավիճակ չէ, որովհետեւ տեղի է ունեցել մարտի 1-ը, որովհետեւ հանցավոր ավազակախումբը, թաթար-մոնղոլական ռեժիմը կրակ է բացել սեփական ժողովրդի նկատմամբ։ Եւ վստահ եղեք` վաղ թե ուշ այդ ոճրագործները պատասխան են տալու մեր ժողովրդի առաջ։ Ես ինձ վրա պատասխանատվություն եմ վերցնում ձեր թույլտվությամբ առաջարկել այս ոճրագործ իշխանություններին` մարտի 1-ի բոլոր զոհերին, այդ թվում նաեւ ոստիկանության ներկայացուցիչներին, որոնք նույնպես ռեժիմի զոհերն են, արժանացնել «Հայաստանի ազգային հերոսի» կոչման։ Դուք հիշո՞ւմ եք, 1991 թվականին, երբ հեղաշրջման Պուտչի ժամանակ Մոսկվայում զոհվեց չորս քաղաքացի, Ելցինը նրանց բոլորին, որպես անկախության եւ ժողովրդավարության համար զոհված մարտիկների, շնորհեց «Ռուսաստանի ազգային հերոսիե կոչում։ Նույնը մարտի 1-ի զոհերն են, որոնց նահատակությունը իզուր չի անցել, նրանք զոհվել են հանուն Հայաստանի ազատության եւ ժողովրդավարության հաստատման։

Իսկ այժմ ես ձեզ խնդրում եմ չենթարկվել հիպնոսի կամ հոգեխանգարման եւ հանգիստ լսել մեր ապագա գործողությունների ծրագիրը։ Նախեւառաջ, ի՞նչ նպատակ էր հետապնդում այսօրվա հանրահավաքը։ Առաջին` ցույց տալ Հայաստանի իշխանություններին եւ միջազգային հանրությանը, որ ինչպիսի գնահատական էլ նրանք տված լինեն անցած նախագահական ընտրություններին, միեւնույն է, Հայաստանի ազատ, քաղաքացիական, գիտակից հասարակությունը չի ճանաչում այդ ընտրությունների լեգիտիմությունը եւ Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահ չի ընդունում։ Այսօրվա 200-հազարանոց հանրահավաքը, որը, վստահ եմ, կրկնակի ավելին կլիներ, եթե ֆորմալ առումով արտոնված լիներ, ապացույցն է այն բանի, որ մեր հասարակությունը, ինչպես ասացի, տեր է կանգնում իր իրավունքներին եւ կանգնելու է այնքան, որքան կպահանջվի` հասնելու համար իր վերջնական նպատակին։

Երկրորդ նպատակը այս հանրահավաքի. պատահական չէ, որ հանրահավաքը տեղի է ունենում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստից առաջ, որտեղ քննարկվելու է Հայաստանի հարցը։ Մենք ուզում ենք այս հանրահավաքով նաեւ Եվրախորհրդի, ինչո՞ւ չէ, նաեւ ԵԱՀԿ-ի բյուրոկրատներին ցույց տալ, որ իրենք պետք է դադարեն Հայաստանին վերաբերվել ռասիստական, իրենց վերին ատյանների դիրքորոշումներով, որ նրանք պետք է դադարեն արհամարհել մեր ժողովրդին` նրան համարելով երրորդ աշխարհի երկրների ժողովուրդ։ Խոսք է գնում այն մասին, թե իբր փետրվարի 19-ից եւ մարտի 1-ից հետո Հայաստանի միջազգային վարկանիշը ընկել է։ Բացարձակապես հակառակը, Հայաստանի վարկանիշը շփոթում են իշխանությունների, ավազակախմբի վարկանիշի հետ։ Հայաստանի վարկանիշը, ընդհակառակը, սրաթռիչ կերպով բարձրացել է ամբողջ աշխարհում` շնորհիվ այս ազատատենչ, հպարտ, վճռական եւ անվախ ժողովրդի։

Հիմա այստեղ հավաքվել է, ինչպես ասացի, 200 հազար մարդ։ Կարող եք ասել` ավելին։ Գուցե ավելին է։ Ես երեք ամիս հանրահավաքներ չեմ արել, գուցե աչքիս զգացողությունը կորցրել եմ։ Ուրեմն` ի՞նչ է կատարվում։ Հավաքվել է ժողովուրդ, հրաշալի եղանակ, խաղաղ, հանգիստ, մենք դրանից առաջ տասնյակ հանրահավաքներ ենք անցկացրել, տասնյակ երթեր, բոլորը անցել են խաղաղ, կարգուկանոնով, ոչ մի մեքենա չի քերծվել, ոչ մի ապակի չի կոտրվել, մինչեւ իշխանությունները չկրակեցին ժողովրդի վրա։ Ուրիշ բան տեղի չի ունեցել։ Հիմա` այս հանրահավաքի պատմությունն էլ դուք գիտեք` որքան ձգձգեցին, մերժեցին։ Պարո՛ն քաղաքապետ, պարո՛ն նախագահ համարվող անձնավորություն, 45 դիմում ենք մենք ներկայացրել այս վերջին ամիսների ընթացքում, բոլորն էլ մերժվել են։ Դուք ո՞ւմ եք մերժել, պարոն քաղաքապետ եւ հաջորդը, դուք ո՞ւմ եք մերժում։ Դուք ինձ չեք մերժել, դուք մյուս դիմումատուներին չեք մերժել։ Դուք մերժել եք 200 հազար, 300 հազար, 400 հազար, 500 հազար մարդու։ Դուք ո՞վ եք, ձեզ ո՞վ է այդ իրավունքը տվել` փակել ժողովրդի բերանը։ Ասում են` կան ինչ-որ օրենքներ։ Ոչ մի օրենք չկա, եւ հանրահավաքների, երթերի, ցույցերի անցկացման կարգի մասին օրենքը ինքնին հակասահմանադրական է։ Այդպիսի օրենք չպետք է գոյություն ունենար։ Սահմանադրության մեջ դա նշված է շատ հստակ։ Ես ուզում եմ` մեկանգամընդմիշտ ե՛ւ դուք, ե՛ւ իշխանությունները հասկանան, որ մինչեւ հիմա այդ օրենքը, որ գործել է, եղել անօրինական։ Ցանկացած օրենք` հանրահավաքների, երթերի, ցույցերի անցկացման մասին, հակասահմանադրական է, որովհետեւ Սահմանադրության մեջ հստակ նշված է հետեւյալը. Հոդված 29.«Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքե։ Եւ վերջ։ Ես ձեզ բացատրեմ, այստեղ իրավաբանական նրբություն կա։ Սահմանադրության բոլոր այն հոդվածները, որոնք պահանջում են օրենսդրական կարգավորում, անպայման այդ հոդվածում դա նշվում է, որ այսինչ դրույթը կարգավորվում է օրենքով։ Այս հոդվածում նման պնդում չկա։ Սա բացարձակ օրենք է, սահմանադրական օրենք, եւ խորհրդարանի թե որեւէ գերատեսչության որեւէ օրենք եւ կարգադրություն չի կարող հակասել Սահմանադրությանը։ Ես ուզում եմ այս պահի վրա հրավիրել սահմանադրական դատարանի եւ օրենսդիրների, մասնավորապես` «Ժառանգությունե խմբակցության անդամների ուշադրությունը։ Հայաստանում չպետք է լինի օրենք` հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին։ Կա մի ուրիշ կետ, կա մի ուրիշ հոդված Սահմանադրության մեջ։ Դա 43-րդ հոդվածն է, որտեղ նշվում է` մարդու եւ քաղաքացու Սահմանադրության 23, 25, 27, 28, 30 եւ այլ հոդվածներով ամրագրված հիմնական իրավունքները (այս հոդվածների մեջ մտնում է նաեւ այն հոդվածը, որը ես նշեցի` 29-ը, որ ամրագրված հիմնական իրավունքները եւ ազատությունները) կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է մարդկանց առողջությանը վտանգ սպառնալու եւ այլ դեպքերի համար։ Ուրեմն, եթե պիտի լիներ օրենք, ապա այդ օրենքը կարող էր լինել ոչ թե հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին, այլ հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու սահմանափակումների մասին։ Միայն սա։ Ոչ մի քաղաքապետ, ոչ մի նախագահ իրավունք չունի արտոնել կամ չարտոնել ժողովրդի հանրահավաք անցկացնելու պահանջը։ Սա լավ հասկացեք, եւ առաջնորդվելով Սահմանադրության այս հոդվածով` այսուհետեւ մենք թեեւ էլի ֆորմալ ձեւով կհարգենք այն օրենքը, որ գոյություն ունի, նորից ձեւականորեն կդիմենք քաղաքապետարանին եւ այլն, բայց բոլոր դեպքերում մենք ցանկացած պահի, ցանկացած վայրում մշտապես անցկացնելու ենք մեր հանրահավաքները։

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1609 բանաձեւի կատարման ընթացքի մասին. դուք գիտեք` ինչ պահանջներ է ներկայացրել Եվրախորհուրդը Հայաստանի կառավարությանը։ Հիշեցնեմ, ստեղծել մարտի 1-ի հետաքննության անկախ հանձնաժողով, չեղյալ համարել, շեշտում եմ, չեղյալ համարել, ոչ թե փոփոխություններ կատարել, ինչպես արեցին մեր պառլամենտում, չեղյալ համարել հանրահավաքների, ցույցերի եւ երթերի անցկացման կարգի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին այդ վերջին օրենքը, եւ երրորդը` ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Սրանք էին պայմանները։ Հիմա ի՞նչ վիճակ է։ Այսօր լուր ստացվեց, որ Եվրախորհրդի պատվիրակները անբավարար են գնահատել Հայաստանի իշխանությունների կատարած քայլերը այդ պահանջների իրագործման հարցում։ Եւ Հայաստանի հարցը այս նստաշրջանում քննարկվելու է։ Ես ուզում եմ այս երեք պայմաններից առանձնացնել մեկը` ամենագլխավորը։ Ինձ համար այդ անկախ կոչված հանձնաժողովի ստեղծումը շատ մեծ նշանակություն չունի, ինչո՞ւ, որովհետեւ ես վստահ եմ, այս իշխանությունները անելու են ամեն ինչ, որպեսզի այդ հանձնաժողովը վերածեն խեղկատակության։ Եւ այդպես էլ արեցին։ Դուք գիտեք, կազմված է այնպիսի մի հանձնաժողով, որը բոյկոտել է «Ժառանգությունե խմբակցությունը։ Մի բան էլ ասեմ, ես երեկ չէ առաջին օրը պաշտոնական նամակ եմ ստացել մեր Ազգային ժողովից, որտեղ խնդրվում է ինձնից խորհրդակցական ձայնի իրավունքով ներկայացուցիչ նշանակել այդ հանձնաժողովում։ Ես ներողություն եմ խնդրում «Ժառանգությունե խմբակցության իմ ընկերներից, որոնք հրաժարվել են մասնակցել, բայց ես որոշել եմ անպայման ներկայացուցիչ նշանակել այդ հանձնաժողովում։ Եւ այդ հանձնաժողովում իմ ներկայացուցիչն է լինելու ՀՀՇ-ի Գեւորիկը։ Հիմա խոսենք օրենքի մասին այդ հանրահավաքների, որ պահանջվում է չեղյալ համարել։ Ինձ համար սա էլ նշանակություն չունի։ Հանրահավաքների անցկացման օրենքը այսպես կլինի, թե այնպես կլինի, դա իրականում ոչ մի նշանակություն չունի։ Հիմա ես կբացատրեմ, թե ինչու։ Գործող օրենքն էլ իրավունք չէր տալիս այս իշխանություններին 45 անգամ մերժել հանրահավաքների անցկացման դիմումները։ Եւ ընդհանրապես, եթե Եվրախորհրդին կամ միջազգային հանրությանը թվում է, թե օրենքը կարող է զսպել մեր իշխանություններին, նրանք չարաչար սխալվում են։ Ինչպիսի օրենք էլ լինի, աշխարհի ամենաիդեալական օրենքը բերեք Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Անգլիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, որ երկրի օրենքն էլ այստեղ բերեք, միեւնույն է, այդ օրենքները մեր իշխանությունները բռնաբարելու են նույն ինտենսիվությամբ եւ սիստեմատիկաբար, ինչպես բռնաբարել են Հայաստանի բոլոր օրենքները։ Ես միջազգային այդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպելիս, Հայաստանում ներկայացված դեսպանների հետ հանդիպելիս բոլոր զրուցակիցներիս առաջարկել եմ հետեւյալ պարադոքսը` խնդրում եմ, ինձ ցույց տվեք Սահմանադրության որեւէ հոդված, Հայաստանի Հանրապետության որեւէ օրենք, լինի դա քրեական, վարչական, քաղաքացիական, զինվորական, տնտեսական եւ այլն, ցույց տվեք որեւէ այդպիսի մի օրենք կամ օրենքի որեւէ հոդված, որ Հայաստանի իշխանությունները չեն ոտնահարել, չեն խախտել։ Բոլորը բերանները բացում են, եւ նրանցից ոչ մեկը չի կարողանում ցույց տալ մի այդպիսի օրենք կամ օրենքի մի այդպիսի հոդված։ Չկա։ Գոյություն չունի։ Այստեղից ի՞նչ է ենթադրվում։ Միեւնույն է, եթե Հայաստանի Սահմանադրություն էլ չլիներ, օրենքներ էլ չլինեին, մեր եւ ձեր վիճակը դրանից չէր փոխվելու։ Իշխանությունները, միեւնույն է, այն ժամանակ էլ անելու էին այն, ինչ անում են հիմա։ Դրա համար, ինչպես ասացի, այդ բանաձեւի 2 պայմանները ինձ համար նշանակություն չունեն։ Դա նշանակություն ունի այդ բյուրոկրատների համար, որպեսզի ցույց տան, թե իբր թե իրենց պահանջով Հայաստանի իշխանությունները դրական փոփոխություններ են կատարել օրենքներում, որ իրենք անիմաստ աշխատավարձ չեն ստանում, որ իրենք պահպանեն իրենց տաքուկ տեղերը այդ միջազգային կազմակերպությունների բարձր աշխատավարձերով պաշտոններում։ Բյուրոկրատը ուրիշ մտահոգություն չունի։ Դա նույնն է աշխարհի բոլոր երկրներում։ Լինի Սովետական Միություն, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, որտեղ կուզի, լինի, բյուրոկրատի միակ հոգսը իր տաքուկ տեղն ու աշխատավարձը պահպանելն է եւ իր աշխատանքի կարեւորությունը ցույց տալը։ Հիմա պիտի այստեղ մի երկու փոփոխություն անեն, նրանք պիտի զեկուցեն` տեսա՞ք, մենք գնացինք, նրանք օրենքում այդպիսի փոփոխություններ արեցին։ Ոչ ոք չի թափանցում իրերի խորքը, ոչ ոք չի մտածում այն աբսուրդի մասին, որ 98 թվականից արդեն քանիերորդ անգամ այդ կազմակերպությունները Հայաստանի իշխանություններին ներկայացրել են հանձնարարականներ, փոփոխություններ եւ այլն, եւ սրանք արել են բոլորը։ Եւ մի պահ պարադոքս է առաջանում. եթե այդ ամենը արել են, եւ բոլորը դրական ուղղությամբ են արվել, ինչպե՞ս է պատահում, որ ամեն հաջորդ ընտրություն ավելի վատ է լինում, քան նախորդ ընտրությունը։ Սա է նրանց աշխատանքի արդյունքը, այլ ոչ թե այդ օրենքներում կատարված փոփոխությունները։ Ինձ համար այս բանաձեւի պայմանների մեջ միակը եւ գլխավորը, որ այսօր հուզում է մեր ողջ ժողովրդին, քաղբանտարկյալների հարցն է։ Ուրիշ հարց ես այսօր չունեմ։ Ուրիշ պահանջ ես այսօր չունեմ։ Ես նախ ուզում եմ բացատրել քաղբանտարկյալ հասկացության այդ ինստիտուտը։ Այսօր սրա շուրջն էլ բազմաթիվ սպեկուլյացիաներ կան, այդ թվում` ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլ այդ միջազգային կազմակերպությունների բյուրոկրատների կողմից։ Սկզբում ե՛ւ Պրեսկոտը, ե՛ւ Կոլոմբիեն իրենց զեկույցում շատ հստակ գրել էին քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին։ Հետո վերջնական բանաձեւում Հայաստանի պատվիրակության ճնշման տակ նրանք մի այսպիսի էֆինիզմ կիրառեցին` քաղաքական դրդապատճառներով բանտարկված մարդկանց եւ այլն։ Վաղը դրանից էլ կարող է հրաժարվեն։ Օրինակ, ես այսօր թերթերից մեկում կարդացի, որ Կոլոմբիեն ասել է` ես չգիտեմ` Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ չկան։ Եթե դա էլ չգիտես, բա ինչո՞ւ ես այդտեղ այդ պաշտոնը զբաղեցնում։ Մեր իշխանություններն էլ դատախազի շուրթերից այսպիսի մի հրաշալի բանաձեւ են գտել` Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, քանի որ քաղբանտարկյալների մասին օրենք չկա։ Կարելի է նույն հաջողությամբ ասել` Հայաստանում թռչուններ չկան, քանի որ թռչունների մասին օրենք չկա։ Նույն աբսուրդը հայտարարեց դրանից մի երկու ամիս առաջ նախկին նախագահ կոչեցյալ Ռոբերտ Քոչարյանը։ Երբ իմ հանգամանքի մասին էր խոսում, ասաց` ինչպե՞ս կարող է Հայաստանում տնային կալանք լինել, երբ տնային կալանքի մասին օրենք չկա։ Եւ այս աբսուրդներով մեր երկրի ղեկավարները ուզում են աշխարհում, միջազգային հանրության առջեւ բարձրացնել իրենց վարկանիշը։ Նրանք պարզապես ծաղրուծանակի են ենթարկում մեր երկիրը։ Բոլոր կալանավորվածները անխտիր` սկսած Մուրադ Բոջոլյանից, Վարդան Մալխասյանից մինչեւ մեր շարժման բոլոր մասնակիցները, որոնք գտնվում են բանտերում, անխտիր բոլորը քաղաքական բանտարկյալներ են եւ քաղաքական հաշվեհարդարի զոհեր։ Ես ասացի արդեն, աբսուրդ չէ՞ր միթե, որ 5 հազար մարդ են բերման ենթարկել, 500 հոգու ձերբակալել, 130 հոգու կալանավորել, որոնցից 86-ը այսօր էլ գտնվում է բանտերում, եւ նրանցից ոչ մեկին մինչեւ հիմա մեղադրանք չի ներկայացվել մարտի 1-ին զենք կրելու կամ կիրառելու մասին։ Այսպիսի մեղադրանք չկա եւ չի կարող լինել։ Ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել մեքենաներ հրկիզելու մասին։ Ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել խանութներ թալանելու մասին։ Չորս հոգու էին գտել, որոնցից, պարզվեց, մեկը Ռոբերտ Քոչարյանի որդու ընկերն է, մյուս երեքն էլ Սերժ Սարգսյանի վստահված անձինք, որի մասին նրանք հայտարարեցին դատարանում։ Ես պահանջում եմ, ձեր անունից մեր իշխանություններից պահանջում եմ` ձերբակալել եւ դատի տալ բոլոր մեքենա հրկիզողներին, բոլոր խանութ թալանողներին։ Վստահ եղեք, որ դրանց մեջ շարժման համակիրներից, կողմնակիցներից ոչ ոք չկա։ Բոլորն էլ նրանց սադրիչներն են։ Ձերբակալեք բոլորին եւ ցույց տվեք մեր ժողովրդին։ Նրանք կլինեն մեր օլիգարխների սափրագլուխները, նրանք կլինեն Սերժ Սարգսյանի ոստիկանապետերի հովանավորության տակ գտնվող քրեական ոհմակները։ Ուրիշ ոչ ոք։ Եւ մի՞թե չի զարմացնում նաեւ մի այլ բան, որ չի խոսվում քաղաքական հաշվեհարդարի մասին։ Եղել է 10 զոհ։ Իրենք էլ խոստովանում են, որ կրակել են ոստիկանները, մի մասը ասում է` բանակը, մի մասը նույնիսկ ասում է (մամուլում, համենայնդեպս, այսպիսի տեղեկություններ կային), որ մասնակցել է այդ սպանդին նաեւ Լեռնային Ղարաբաղի հատուկ ստորաբաժանումը` սպեցնազ կոչեցյալը։ Ես չգիտեմ, թե որքան ստույգ է սա, բայց եթե սա հաստատվի եւ ապացուցվի, ապա Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Հայաստանում պետք է հայտարարվի պերսոնա նոն գրատա։ Ճիվաղություն չէ՞ միթե, որ մինչ այժմ ոչ մի ոստիկան կամ զինվորական, որոնք կրակել են ժողովրդի վրա, ոչ միայն չի ձերբակալվել, այլ ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել այդ կապակցությամբ։ Ճիվաղություն չէ՞ միթե, որ անգամ 10 զոհերի առկայության պայմաններում առանձին քրեական գործեր չեն հարուցվել դրանք հետաքննելու համար։ Ճիվաղություն չէ՞ միթե, որ այդ 10 զոհերի ընտանիքները մինչ այժմ չեն ճանաչվել որպես տուժածներ։ Տուժածներ, որոնք արժանի են նյութական չափազանց մեծ փոխհատուցման։ Դա, իհարկե, չի քավի նրանց ցավը, բայց դրանով պիտի ապացուցվի, որ այս երկրում արդարություն կա։ Այդ փոխհատուցումը շատ մեծ պետք է լինի, առնվազն յուրաքանչյուր զոհվածի ընտանիք, այդ թվում նաեւ այդ զինվորականի եւ ոստիկանի ընտանիքները պետք է ստանան առնվազն մեկ միլիոն դոլար։ Եւ այդ գումարը պետք է վճարվի ոչ թե պետության գրպանից, այլ ոճրագործության գլխավոր հանցագործ Ռոբերտ Քոչարյանի գրպանից։ Այսօր բանտում մնացել է 86 հոգի։ Որպես պարզ թվաբանություն դա կարող է քիչ թվալ։ Բայց մեր փոքր հանրապետության համար դա հսկայական թիվ է։ Ընդամենը մի քանի օր առաջ ես պաշտոնական հաղորդագրություն լսեցի, որ Կուբայում, որի նկատմամբ արդեն տասնյակ տարիներ միջազգային ահավոր սանկցիաներ են կիրառվում, այսօր պաշտոնապես կա 240 քաղբանտարկյալ 20 միլիոն բնակչի պայմաններում։ Մեզ մոտ 2, 2.5, լավ, թող 3 միլիոն լինի, բնակչության պայմաններում 86 քաղբանտարկյալ կա։ Սա էլ խաբուսիկ թիվ է։ Քաղբանտարկյալ են կամ քաղաքական դրդապատճառներով հետապնդված այն բոլոր 5 հազար քաղաքացիները, որոնք բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ, Ազգային անվտանգության ծառայության մարմիններ եւ ենթարկվել հոգեբանական, ֆիզիկական, բարոյական հսկայական ճնշումների։ Իսկ եթե հաշվի առնենք այն 500 ձերբակալվածներին, ոչ թե բերման ենթարկվածներին, որ ձերբակալվեցին, ոմանք` մի քանի ժամով, ոմանք` մի քանի օրով, եւ ազատ արձակվեցին, իսկ եթե դրան գումարենք քաղաքական հետապնդումներից խուսափողներին, թաքնվողներին, քաղաքական վտարանդիներին, որոնց թիվը հարյուրների է հասնում, որոնք թաքստոցում շատ ավելի վատ պայմաններում են իրենց զգում, քան բանտում անգամ... Վկայությունը դրա մեր երիտասարդ, 42-ամյա Անդրանիկ Հովակիմյանի մահն էր, որը թաքնվելու պատճառով չէր կարող բուժօգնություն ստանալ եւ սրտի կաթվածից մահացավ։ Նույնը տեղի ունեցավ, փառք Աստծո, ոչ այդպիսի ողբերգական վախճանով, Սամվել Գեւորգյանի հետ, որը թաքնվելու ժամանակ միկրոինֆարկտ ստացավ։ Մյուսները ինչ վիճակում են, դուք կարող եք պատկերացնել։ Նույն քաղաքական հետապնդումների զոհերը չե՞ն արդյոք մեր շարժման համակիր այն գործարարները, որոնք գիշերուզօր 3 ամիս անընդհատ ենթարկվում են հարկային տեռորի։ Եթե այս ամբողջը գումարենք, մոտ տասը հազար մարդ Հայաստանում ֆիզիկապես ենթարկվել է քաղաքական տեռորի, քաղաքական ահաբեկումների, քաղաքական հալածանքների։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ է տեղի նշանակում այս 10 հազար մարդը այս փոքրիկ հանրապետության համար, եթե դրան գումարենք նրանց ընտանիքները, նրանց բարեկամները, նրանց ընկերական շրջապատը, ապա կստացվի, որ 200 հազար, 300 հազար մարդ այսօր գիշերուզօր մտածում է մեկ խնդրի մասին։ Կարելի՞ է արդյոք մի հանրապետության բնակչության 10 տոկոսը, 20 տոկոսը ենթարկել այսպիսի հոգեբանական, անբարոյական, անմարդկային ճնշման։ Ի՞նչ են մտածում այս իշխանությունները։ Մի՞թե նրանք չեն հասկանում, որ հանրապետությունը միայն այս պատճառով վերածվել է եռացող կաթսայի։ Չկա այսօր հանրապետության մեջ որեւէ բնակավայր, որտեղ գիշերուզօր այս հարցը չհուզի, չբորբոքի մեր ժողովրդին։ Ձեզանից ո՞վ էր լսել Վանատուր գյուղի անունը։ Ոչ ոք։ Ես հիշում եմ, Աթարբեկյան էր այդ գյուղը։ Բայց միայն Սասուն Միքայելյանին ձերբակալելու պատճառով այդ անունը այսօր համաշխարհային համբավ է ստացել։ Ձեզանից ո՞վ էր լսել Ձորակապ գյուղի անունը։ Միայն Սաղաթելյանների ձերբակալության պատճառով նույնպես այդ անունը այսօր հայտնի է բոլորին։ Նույնը Երեւանի Չորրորդ գյուղը` Սմբատ Այվազյանի ձերբակալության պատճառով։ Նույնը ամբողջ Գյումրին` Աշոտ Զաքարյանի, Պետրոս Մակեյանի եւ մյուսների ձերբակալության պատճառով։ Այսինքն` սրանք դիտավորյալ, ոնց որ մազոխիստ լինեն, ամբողջ ժողովրդին տրամադրել են իրենց դեմ։ Ի՞նչն էր ձեզ խանգարում` մեկ անգամից լուծել այս հարցը եւ այսօր չունենալ Հայաստանում այդ բորբոքված վիճակը։ Մի՞թե թասիբը, որ մի բան արել ենք, մինչեւ վերջ պիտի անենք։ Ի՞նչ թասիբ։ Դա գողի թասիբ է, ավազակի թասիբ է, թաթար-մոնղոլի թասիբ է։ Եւ ի՞նչն է ողբերգությունը` որ բանտում նստած են մեր ազգի ամենագիտակից, քաջ, հերոս, վճռական քաղաքացիները, եւ որոնց նստեցրել են այն ոճրագործները, որոնք պիտի զբաղեցնեին նրանց տեղը եւ վաղ թե ուշ նրանք զբաղեցնելու են այդ տեղը։ Ես քաղաքական հալածանքների ենթարկվածների թվում մի քիչ ուշացած ուզում եմ հիշատակել նաեւ, առանձնացնել Գագիկ Ջհանգիրյանի փաստը։ Ի՞նչ է արել այդ մարդը։ Նա Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալն էր։ Այդ մարդը ընդամենը հրապարակայնորեն հանրահավաքում ընդվզել է տեղի ունեցած ընտրակեղծիքների առթիվ։ Միայն սա, ուրիշ ոչինչ։ Այսինքն, նա կատարել է իր աշխատանքային պարտականությունը։ Նա կատարել է այն, ինչ պիտի կատարեր Աղվան Հովսեփյանը, որը լինելով այս ավազակախմբի գլխավոր հենասյուներից մեկը` բնականաբար այդ բանը չէր անելու։ Դա արել է Գագիկ Ջհանգիրյանը։ Ի դեպ, նա Սահմանադրությամբ էլ ուներ այդ իրավունքը։ Ես ուզում եմ ընթերցել այդ հոդվածը, որովհետեւ շատ կարեւոր է։ 29-րդ հոդվածում, որը ես ձեզ համար ընթերցեցի, նշված էր հետեւյալ սահմանումը` յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք։ Հետո ավելացված է հետեւյալը. «Զինված ուժերում, ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայության մարմիններում ծառայողների, ինչպես նաեւ դատավորների եւ Սահմանադրական դատարանի անդամների կողմից այդ իրավունքի իրականացման սահմանափակումներ կարող են նախատեսվել միայն օրենքովե։ Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ այս սահմանափակումները չեն տարածվում դատախազության աշխատակիցների վրա։ Այսինքն` Գագիկ Ջհանգիրյանը, այո, իրավունք ուներ Ազատության հրապարակի հանրահավաքում արտահայտելու իր դժգոհությունները կեղծված ընտրությունների առթիվ։ Նա հալածվել է, ինչպես ասացի, իր պաշտոնեական պարտքը կատարելու համար։ Իհարկե, խորքում հասկանալի է, թե ինչն էր նրա հալածանքի պատճառը. դա 99 թվականի հոկտեմբերի 27-ի գործն էր։ Ռոբերտ Քոչարյանը Ջհանգիրյանին, հազար տարի էլ անցներ, չէր ներելու, որ Ջհանգիրյանը հայտնաբերեց մարդասպանների եւ նախագահական նստավայրի կապը` հանձին նախագահի աշխատակազմի ղեկավար Ալիկ Հարությունյանի։ Սա նրան չէր ներվելու։ Ուրեմն` ես արդեն ասացի, որ չեմ հավատում, թե այս իշխանությունների օրոք հնարավոր է իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն եւ բացահայտել բոլոր մեղավորներին։ Ինչպես չարվեց 10 տարի հոկտեմբերի 27-ի գործի առթիվ եւ այսուհետեւ էլ չի արվելու, քանի դեռ այս իշխանությունները կան, նույնը կատարվելու է մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման հետ։ Մենք առաջարկել ենք մեխանիզմ, որ կատարվի միջազգային քննություն, եւ վստահ եմ` մեր ժողովրդի վճռականության, պայքարի հարատեւության դեպքում մենք անպայման հասնելու ենք նաեւ դրան եւ նաեւ այն բանին, որ Ռոբերտ Քոչարյանը կանգնի Հաագայի դատարանի առջեւ որպես մարդկության դեմ գործած հանցագործ։ (Հնչում են վանկարկումներ` «հի-մա, հի-մա» - խմբ.)։ Իմ ձեռքը չէ, եթե հնարավորություն ունենայի, հիմա էլ կանեի։

Ես ասացի արդեն, Եվրախորհրդի բանաձեւի կատարման առթիվ մենք կարեւորում ենք միայն քաղբանտարկյալների հարցը։ Ես ամենայն պատասխանատվությամբ նորից հայտարարում եմ, որ մենք անգամ համաձայն ենք, ես կոչ եմ անում միտինգի անունից Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին, եթե մինչեւ Հայաստանի հարցի քննարկման օրը Սերժ Սարգսյանը ազատ արձակի անխտիր բոլոր քաղբանտարկյալներին, ապա ես կոչ կանեմ, այսօր էլ կոչ եմ անում ԵԽ-ին` Հայաստանի նկատմամբ չկիրառել այն սանկցիան, որը նրանք սպառնացել են կիրառել։ Միայն այս հարցը։ Ես հիմա Սերժին էլ եմ դիմում` Սերժ, դու ընկերս ես եղել, ես քեզ կարող եմ նաեւ «դու»-ով դիմել, նույն իրավունքը նաեւ ունես դու, սա ի՞նչ խելագարություն է` Հայաստանում ստեղծել մի այնպիսի խնդիր, որը շարունակ բորբոքելու է ժողովրդին։ Մի՞թե հնարավոր չէր մեկ օրում, մեկ զանգով, հենց այս գիշեր լուծել այդ հարցը, եւ մենք ասել ենք, դրանից հետո մենք պատրաստ ենք նաեւ երկխոսության իշխանությունների հետ։ Եւ նստել երկխոսության ու դուրս գալ այս թնջուկից։ Մենք հասկանում ենք, որ սա վտանգավոր իրավիճակ է։ Վտանգավոր ոչ թե ֆիզիկական բախման առումով, այլ մի երկրում, երբ այսպիսի հակադիր քաղաքական ռեալ ուժեր գոյություն ունեն, ո՛չ իշխանությունն է ընդունակ նորմալ աշխատելու` թեթեւացնել ժողովրդի վիճակը, ո՛չ էլ մեր խաղաղ ցուցարարներն են կատարելու իրենց ընտանեկան պարտքը, իրենց աշխատանքային պարտքը։ Այս հոգեկան խռովքը պետք է հանել մեր ժողովրդի միջից։ Այո, մենք պատրաստ ենք երկխոսության։ Ես ուզում եմ ճշտել նաեւ այդ երկխոսության բովանդակությունը, էությունը։ Ի՞նչ ենք հասկանում մենք` երկխոսություն ասելով։ Դա չի նշանակում, որ մենք գնալու ենք բազարների, սակարկումների, դուք սա ընդունեք, մենք նա ընդունենք, դուք ասեք` մենք լավն ենք, մենք ձեզ պաշտոններ կտանք։ Մեզ ձեր տված ոչ մի պաշտոն պետք չէ։ Մեզ պաշտոններ արդեն տվել է մեր ժողովուրդը եւ այդ պաշտոնները շատ ավելի պատվավոր են, քան ձեր զբաղեցրած այդ բարձր աթոռները։ Երկխոսության էությունը ես հասկանում եմ հետեւյալում. այսօր կա քաղաքական 2 ռեալություն, կա իշխանությունը բռնազավթած ոչ լեգիտիմ մի իշխանություն, եւ կա հասարակություն, որ համաձայն չէ այդ իշխանության գոյությանը։ Համաձայն չլինելով հանդերձ` մենք ընդունում ենք, որ դա քաղաքական ռեալություն է, եւ քանի որ մենք խաղաղ, անզեն, օրինապաշտ շարժում ենք, պատրաստ ենք այդ հարցը լուծել քաղաքակիրթ ձեւով, քաղաքական պայքարի ընդունված նորմերով։

June202008(2).jpgՍտեփան Դեմիրճյանը մի շատ հաջողված ձեւակերպում է գտել` քանի որ այս վիճակը ստեղծվել է ընտրությունների պատճառով, ուրեմն` վիճակից դուրս գալու ելքը նոր նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են։ Ուրեմն երկխոսությունը կարող է լինել, ինչպես ասացի, միայն քաղաքական պայմանների խաղի կանոնները համաձայնեցնելու շուրջ, այսինքն, պարզ ասած, դեմոկրատիայի շուրջ։ Դուք ասում եք ձերը ձեր վերահսկողության տակ գտնվող 15 հեռուստակայաններով (մեզ դա էլ պետք չէ, դա էլ վայելեք), ձեր ռադիոներով, ձեր հանրահավաքներով, դուք էլ արեք հանրահավաքներ, մենք էլ մեր իրավունքների սահմաններում մեր DVD-ներով, մեր հանրահավաքներով, մեր դահլիճային կոնգրեսներով, ժողովներով, զանգվածային, ոչ զանգվածային ակցիաներով պետք է կարողանանք խոսել մեր ժողովրդի հետ։ Դուք փորձելու եք ապացուցել ժողովրդին, որ դուք եք լավը, մենք փորձելու ենք ապացուցել, որ մենք ենք ճիշտը։ Ինչո՞ւ եք վախենում խոսքից։ Ահա, դուք այսքան վախեցաք, 45 անգամ մերժեցիք, այսօր էլ թատրոն սարքեցիք, քաղաքը լցրեցիք սաղավարտավոր, մահակներով, վահանավոր ոստիկաններով։ Երեւանը այս երեք ամիս է` Բաղդադից չի տարբերվում։ Եթե խոսում եք վարկանիշի մասին, ահա սա է այդ վարկանիշի ցուցանիշը։ Վարկանիշի մասին գիշեր-ցերեկ մտածողը Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում այսպիսի օկուպացիոն զորքեր կտեղադրե՞ր։ Ի՞նչ վախի մասին է խոսքը։ Մի՞թե չգիտեն, որ այս ժողովուրդը, այս շարժումը օրինապահ, կարգապահ ժողովուրդ է։ Եւ եթե իրենք որեւէ բան չհրահրեն, չկրակեն, չհրմշտեն ժողովրդին, որքան պահանջվում է, մենք կշարունակենք մեր այս պայքարը։ Սա քաղաքակիրթ պայքար է։ Սա է ձեւը, ուրիշ ձեւ չկա։ Թող Սերժ Սարգսյանը դրական քայլեր կատարի։ Ես դեմ չեմ։ Ո՞վ դեմ կլինի, եթե Սերժ Սարգսյանը թեկուզ չընտրված, թեկուզ ոչ լեգիտիմ, բայց այսօր այդ պաշտոնը զբաղեցնող մարդ այս ժողովրդի համար որեւէ մի լավ բան կատարի։ Այս 3 ամսում նա ի՞նչ արեց։ Ի՞նչ է արել։ Շախմատային լեզվով` կատարել է ռակիրովկաներ։ Ռոբերտ Քոչարյանի կադրերին փոխատեղումներով նստեցրել է տարբեր աթոռների, ոչ մի նոր մարդ, ոչ մի նշանակում, որը ժողովրդի գոնե մի մասի կողմից հաճույքով կամ դրվատանքով ընդունվեր։ Ի՞նչ է կատարվել մոնոպոլիստներին հարկային դաշտ տեղափոխելու հարցում։ Ոչ մի բան։ Նրանք նորից իրենց հարկերը մուծում են ուրիշ տեղ, իսկ բյուջեի լրացման բեռը ընկնում է մանր եւ միջին բիզնեսի վրա։ Եթե այսպես շարունակվի, Հայաստանում մանր եւ միջին բիզնեսի խավը ընդհանրապես կվերանա։ Ի՞նչ են արել այն բենզինի աֆյորայի բացահայտման հարցում։ Պարո՛ն վարչապետ կոչեցյալ, դուք ասացիք, որ ուշադիր եք լինելու ժողովրդի կարծիքին, մամուլի արձագանքներին։ Խնդրում եմ, 3-4 ամիս է արդեն` դրա մասին խոսում ենք, այսօր էլ առիթ է, ձեզ ասում եմ, ասեք, հերքեք, ճի՞շտ է այն, որ Հայաստան ներկրվող բենզինի մոտավորապես 70-80 տոկոսը չի արձանագրվում։ Այդ պատճառով դուրս է մնում հարկային դաշտից։ Ճի՞շտ է արդյոք սա, թե՞ ոչ։ Ասեք վերջապես, դուք, ձեր ոսկու այդ աֆյորայով, այս պետությանը վնաս տվե՞լ եք, թե՞ ոչ։ ԿԲ նախագահ եղած ժամանակ Սարգսյան Տիգրանը վաճառեց ՀՀ ոսկու պաշարը։ Սա աբսուրդ է բոլոր տեսակետներից։ Ասվեց, որ այդ ժամանակ ոսկին թանկ էր նախորդ ժամանակի համեմատ, դրա համար էլ վաճառել է, շահել է, 17 միլիոն դոլար էին վճարել։ Եւ այսօր այդ նույն ոսկին արժեք 35 մլն դոլար։ Արդեն 18 մլն դոլարի վնաս ես տվել այս երկրին։ Ո՞վ պիտի պատասխան տա դրա համար։ Ոսկին է՞լ են վաճառում։ Ոսկին ամենալիկվիդային ապրանքն է։ Ոսկին ե՛ւ մարդը, ե՛ւ պետությունը վաճառում են միայն, երբ սովի են մատնվում։ Վերջին հույսն է արդեն։ Երեխային սովից պիտի փրկի, մատանիներն է վաճառում, ատամների շապիկներն է վաճառում, ժամացույցն է վաճառում։ Պետությունները նույնպես ոսկին վաճառում են ֆորս-մաժորային վիճակներում, երբ երկրին սպառնում է սով, պատերազմ, տարերային աղետ եւ այլն, եւ այլն։ Աշխարհի ո՞ր խելոքը այսպիսի պատճառներ չլինելու պարագայում ոսկի կվաճառեր եւ հիմա մեծ-մեծ նստած խոսում, դաս է տալիս մեր ժողովրդին, Ներսես Շնորհալուց ցիտատներ բերում եւ այլն, եւ այլն։ Եւ ավելին, դա արդեն մի խղճուկ վիճակ է, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի իրական վարչապետը ոչ թե Տիգրան Սարգսյանն է, այլ Արմեն Գեւորգյանը։ Ուրեմն երկխոսությունը, ասացի, միայն կարող է լինել սրա շուրջ։ Կանեք դրական քայլեր` մենք միայն ուրախ կլինենք։ Կձերբակալեք մարտի 1-ի իրական ոճրագործներին` մենք ձեզ կողջունենք։ Հարկային դաշտ կբերեք բոլոր մոնոպոլիստներին` մենք ձեզ կողջունենք։ Կնշանակեք վերջապես իսկապես պրոֆեսիոնալ, պարկեշտ կադրեր` մենք ձեզ կողջունենք։ Եւ աշխարհի բոլոր ընդդիմությունները ունեն 2 ֆունկցիա. մի ֆունկցիան իշխանության գալն է, դա ժամանակ է պահանջում, մյուս ֆունկցիան` այդ ընդդիմության ճնշման տակ իշխանություններին ստիպել դրական քայլեր կատարել դեպի իր ժողովուրդը։ Եթե սա անեն, մենք կհամարենք մեր ֆունկցիան նույնպես կատարված գոնե մասնակիորեն։ Մենք դեմ չենք լինի, մենք մեր ժողովրդի թշնամին չենք։ Եթե լավ բան անեն, ո՞վ կասի` վատ բան եք անում։ Գիտեմ, ասում եմ, ոչ լեգիտիմ իշխան, այդպիսի դեպքեր եղել են մեր պատմության մեջ էլ։ Ոչ լեգիտիմ իշխան էր, ասենք, Կիլիկիո իշխան Ռուբեն երկրորդը, որը իշխանության եկավ` սպանելով իր նախորդին` Մլեհ իշխանին։ Բայց մի ամբողջ տարի նա ընկել էր դռնեդուռ, ամբողջ Կիլիկիայով, գյուղերով, վանքերով, բնակատեղիներով ման էր գալիս` սիրաշահելու համար իր ժողովրդին, լեգիտիմացնելու համար իր իշխանությունը։ Դու էլ մի բան պիտի անես, երեք ամիս է անցել, Գրիշին ու Վաչոյին տեղափոխելուց բացի, ուրիշ գործ չես արել։ Ուրեմն ասացի եւ կրկնում եմ, ես կոչ եմ անում մեր իշխանություններին, վերացրեք այս հարցը, մինչեւ վեհաժողովի նիստը ազատ արձակեք բոլոր քաղբանտարկյալներին։ Դրանից կշահեք ե՛ւ դուք, ե՛ւ մեր ժողովուրդը, ե՛ւ մեր երկիրը։ Դրանից հետո քաղաքական պայքարը հնարավոր է տեղափոխել քաղաքակիրթ հուն, մինչեւ այս հարցը չլուծվի, համոզված եղեք, մի մտածեք, որ ժողովուրդը հոգնելու է, ընդհակառակը, դուք անում եք ամեն ինչ, որ ժողովուրդը շարունակ ավելի ու ավելի բորբոքվի, եւ զանգվածները ավելի ու ավելի խտանան ու մեծանան։ Հաջորդ հանրահավաքում կես միլիոն մարդ է լինելու։ Ես անցնեմ վերջին գործին, բայց մինչեւ այդ ուզում եմ եւս մի կոչ հղել։ Կոչ հղել բոլոր հացադուլավորներին. այդ պայքարը, այդ ծայրահեղ միջոցը նաեւ պատճառաբանված էր նրանով, որ երեք ամիս շարունակ այսպիսի հանրահավաքներ տեղի չէին ունենում, ես պիտի խոհապես գնահատեմ նրանց գործը, խոհապես գնահատեմ նաեւ բանտարկյալների գործը, նրանք բանտում նստած մեր շարժման ամենաակտիվ մի ուժն են, որը գիշեր-ցերեկ իրենց խոսքով, իրենց քաջությամբ ոգեւորում եւ վճռականության են կոչում մեր ժողովրդին։ Ուրեմն բոլոր հացադուլավորներին խնդրում եմ` մեծապես գնահատելով նրանց նպաստը, եթե այդ հացադուլները չլինեին, այս հանրահավաքն էլ այսքան զանգվածային չէր լինի, ես վստահ եմ, այսօր Վանատուրը մեկ մարդու նման այստեղ է գտնվում մեր սիրելի Արշոյի գլխավորությամբ, ուրեմն բոլոր հացադուլավորներին կոչ եմ անում այլեւս հրաժարվել պայքարի այդ միջոցից։ Պայքարի մեր միջոցը սա է` հանրահավաքն է, որը տեղի ունենալու այնքան ժամանակ, մինչեւ չհասնենք մեր վերջնական նպատակներին։ Եւ վերջինը` մեր շարժումը հզոր է ոչ միայն ձեր գիտակցությամբ, ձեր քաջության, ձեր վճռականության շնորհիվ, այլ նաեւ մեծագույն մասով թերեւս իր կարգապահությամբ, իր օրինապաշտությամբ։ Սա է, որ զայրացնում է Քոչարյանին եւ ավազակախմբի մյուս անդամներին։ Նրանք երջանիկ կլինեին, որ մենք էլ իրենց նման օրինախախտներ, բռնարարքներ գործողներ լինեինք, բայց նրանք դա չեն ստանա, մենք ինչպես եղել ենք կարգապահ եւ օրինապաշտ, այդպես էլ շարունակելու ենք։ Միայն այս պայքարն է, որը կարող է վերջնական հաղթանակ բերել մեր երկրին եւ ժողովրդին։ Ուստի ես ձեզ խնդրում եմ վստահել Համաժողովրդական շարժման կենտրոնին, նրա բոլոր անդամներին, Համաժողովրդական շարժման բոլոր անդամ կուսակցություններին` 23 կուսակցություններ, նրան նախագահներին, վստահել, վերջապես, ինձ եւ հստակ կատարել մեր բոլոր խնդրանքներն ու չեմ ուզում ասել կարգադրությունները, դրա կարիքը չկա։ Խնդրանքը դուք արդեն կհասկանաք։ Իմ խնդրանքն է հիմա հանգիստ գնալ ձեր տները, ոչ մի երթ։ Վստահ եղեք, մենք պայքարից հրաժարվող չենք, եթե այս երկրում լինի որեւէ մեկը, որ վերջինը կլքի պայքարը կամ, որոշ տխմարների կարծիքով, կլքի Հայաստանը, ապա այդ վերջին մարդը կլինեմ ես։ Հաջորդ հանրահավաքը, որին կոչ եմ անում մասնակցել որքան հնարավոր է շատ մարդկանց, տեղի կունենա ԵԽ ԽՎ-ից հետո` ամփոփելու համար նրա արդյունքները։ Մենք Համաժողովրդական շարժման կենտրոնում նպատակահարմար ենք գտել մոբիլիզացնելու, վերլուծելու եւ մեր հետագա ծրագրերը մշակելու համար այդ հանրահավաքը անցկացնել հուլիսի 4-ին` ժամը յոթին։ Ես ձեզ բարի գիշեր եմ մաղթում, մինչեւ հանդիպում հուլիսի 4-ի ժամը յոթը։ Բարի գիշեր։

20.06.2008

Երեւան, Մատենադարանի հրապարակ

2008-06-20

Սիրելի հայրենակիցներ,

Լ. Տեր-Պետրոսյանը եւ Շուշան ՓաշինյանըԻնչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն  


Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական  


Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ես կջանամ զերծ մնալ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համակարգավորված վերլուծությունից, բավարարվելով միայն ներկա իրավիճակից բխող որոշ դիտարկումներով։ Դա բացատրվում է նրանով, որ մենք, ըստ էության, ավարտում ենք պաշտոնական քարոզարշավը, եւ մեզ ընդամենը մնում է մի քանի լրացուցիչ շեշտադրումներ կատարել։ Դրանք, իմ կարծիքով, նախ անհրաժեշտ են՝ քաղաքացիների մոտ դեռ մինչեւ վերջ չպարզված հարցերը լուսաբանելու, եւ ապա՝ քվեարկության օրը ճիշտ կողմնորոշվելու  


Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժողովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առթիվ, որի այժմեականությունը մանավանդ կարեւորվում է Հայաստանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։

Մարտի 1-ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կարճատեւ մի ժամանակամիջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձություններով, որոնցից ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը.

  

Սիրելի հայրենակիցներ,

Լեւոն Տեր-Պետրոսյան. 01.03.2009Պատկերացնելու համար, թե ինչպիսի կարծիք է ձեւավորվել Արեւմուտքում Հայաստանի մասին, բավական է ուշադրություն դարձնել հետեւյալ հատկանշական փաստի վրա։ Վերջերս ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին, թե «ինչո՞ւ է քաղբանտարկյալների խնդրում ԵԽԽՎ-ն երկակի չափանիշներ կիրառում, մասնավորապես հրաժարվելով ընդունել, որ Հայաս­տանում  


Liebe Mitbürger, besser gesagt, sehnsüchtige Mitbürger!

2009-03-01_Levon Ter-PetrossianUm sich ein Bild davon zu machen, welche Meinung sich in Europa über Armenien etabliert hat, genügt es, der folgenden, wichtigen Tatsache Aufmerksamkeit zu schenken.

Vor kurzem hat der für Aserbaidschan zuständige Berichterstatter des Europarates, Andres Herkel, auf die Frage eines aserbaidschanischen Journalisten, warum der Europarat in der Frage der politischen Gefangenen nach zweierlei Maßstäben handele, und insbesondere nicht offiziell festhalte, dass es in Armenien politische Gefangene gibt, folgende  


Սիրելի համախոհներ եւ բարեկամներ,

HAK-1-in-conferans.jpgՀայ ազգային կոնգրեսի ընթացիկ համաժողովը, որի խնդիրն է հստակեցնել Համաժողովրդական շարժման ռազմավարությունը, տեղի է ունենում բարդագույն քաղաքական իրավիճակում։ Բարդությունն, ընդ որում, վերաբերում է ոչ միայն Կոնգ­րեսի գործունեությանը, որն ընթանում է Շարժման դեմ սանձազերծված աննախադեպ հալածանքի ու բռնությունների պայմաններում, այլեւ  


Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 26-ի հանրահավաքում ես ձեզ խոստացել էի առաջիկայում հանգամանորեն բացահայտել Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի ռազմավարությունը, ոչինչ չթաքցնելով ձեզանից։ Այսօր եկել է այդ խոստումը կատարելու ժամանակը, ուստի խնդրում եմ համբերությամբ զինվել եւ հետեւել իմ ելույթի յուրաքանչյուր բառին։

Ես արդեն առիթ ունեցել եմ ձեր ուշադրությունը հրավիրելու աշխարհաքաղաքական այն աննախադեպ իրավիճակի վրա, որում Հայաստանը հայտնվել է վերջին ժամանակներս,  


Սիրելի հայրենակիցներ, ետընտրական բուռն իրադարձությունները, թոհուբոհը, որ մեր երկրում տիրում է վերջին 6 ամիսների ընթացքում, մեզ թույլ չեն տվել ընդհանուր հայացք ձգել Հայաստանում ծավալվող հիմնական գործընթացների վրա, որոնք խորքային են, որոնք չեն երեւում, եւ հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում մեր երկրում:

Այժմ ես կփորձեմ ձեզ հետ միասին, սա անձնական վերլուծություն չէ, այլ հավաքական վերլուծություն` հանրահավաքի մասնակցությամբ, հանդարտ եւ սառնասրտորեն վերլուծել ներկա իրավիճակը, ինչը եւ հնարավորություն կտա հստակեցնել  


Սիրելի հայրենակիցներ.

Կասկած չկա, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն ու մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուների բացահայտումը շարունակում են մնալ հասարակությանը հուզող գլխավոր խնդիրները: Սակայն իրենց սրությամբ ու կարեւորությամբ հանդերձ, այդ խնդիրները մեզ չպետք է շեղեն Համաժողովրդական Շարժման բուն նպատակներից, որոնք են՝ սահմանադրական կարգի վերականգնումը, լիակատար ժողովրդավարության հաստատումը, իրավական պետության կերտումը եւ տնտեսական զարգացման պայմանների ստեղծումը: Այդ  


Սիրելի բարեկամներ.

Ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի փառահեղ գահակալության տասնամյակը: Այդ բացը լրացնելու համար ես կփորձեմ ներկայացնել Քոչարյանի նախագահական շրջանի գործունեության սեղմ հաշվեկշիռը` ավելի համակողմանի քննությունը թողնելով ապագային:

Եվ այսպես. նախագահության տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը

• Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի  


Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ,

Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդությունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասարակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձությունների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն  


(Կարդալ ելույթի առաջին մասը)

Հասարակության պառակտում, թե՞ միավորում

Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ քաղաքագիտական շրջանակները, եւ թե՛ լրագրողներից շատերը խոր անհանգստություն են արտահայտում ետընտրական շրջանում Հայաստանում տիրող հասարակական պառակտվածության առթիվ, եւ որպես դրա հաղթահարման ամենաբուժիչ դեղամիջոց առաջարկում կառուցողական երկխոսությունը քաղաքական ուժերի միջեւ։  


Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,

Սահմանադրական դատարանի մեծարգո անդամներ,

Ես միանգամից պետք է ասեմ, որ ես զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից եւ կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա: Թեեւ իմ իրավաբանական թիմը դրանց անդրադարձել է, սակայն ես անհրաժեշտ եմ համարում անել դա: Այնուամենայնիվ, քանի որ սա իմ առաջին հրապարակային ելույթն է մարտի 1-ի առավոտյան ժամը 6,30-ից հետո, ես ուզում եմ առիթից օգտվելով խորին ափսոսանք արտահայտել մարտի 1-ի ողբերգության  


ՀՀ Առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թվականի հունվարի 22-ին Երեվանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

1. Իմ բազմաթիվ սխալների շարքում ամենամեծը, թերեւս, այն էր, որ ես հրաժարական տվեցի փետրվարի 3-ին, ինչի պատճառով ընտրարշավը համընկնում է այսքան ցուրտ շրջանի. եթե իշխանությունից հրաժարվեի ապրիլին կամ մայիսին, ապա ձեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ։ Մեղքս մասնակիորեն քավելու համար այսօր ձեզ չեմ ձանձրացնի երկարաշունչ  


Հարգելի գործընկերներ,

Ինձ սատարող քաղաքական ուժերի եւ համաժողովրդական նոր Շարժման ակ­տի­վիստների այս հավաքը կոչված է ամփոփելու նախընտրական գործըն­թա­ցի առաջին փու­լի արդյունքները եւ ուրվագծելու մեր հետագա գործու­նեության խնդիրները: Թեեւ սա զուտ աշխատանքային հանդիպում է, որը թեկուզ տակտիկական առումով են­թա­դրում է որոշակի գաղտնապահություն, սակայն ես, հավատարիմ մնալով թա­փան­ցիկ, հրա­պա­րա­կային քաղաքա­կա­նու­թյան մեր որդեգրած սկզբունքին, կնախ­ընտ­րեի այս ամենի  


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա ելույթում ես կանդրադառնամ երեք թեմայի՝ առաջինը (երկու գլխով)՝ նվիր­ված պատմության, երկրորդը գաղափարախոսության, իսկ երրորդը՝ պետական համակարգերի տիպաբանության հարցերին։

Հայաստանի «արդյունաբերության քայքայումը»

Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր բարձր հեղինակությամբ վավերացրեց մեր հասարակության մեջ բազմիցս կրկնված այն միտքը, թե նախկին իշխանությունները քայքայեցին Խորհրդային  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հանրահավաքում:

 

Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն բոլոր կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, որոնց ղեկավարները քիչ առաջ հրապարակեցին իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ կայացրած իրենց որոշումները:  


Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը

Նոյեմբերի 3-ին Երեւանի "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թվականի հոկտեմբերի 26–ին տեղի ունեցած հանրահավաքում


Սիրելի հայրենակիցներ,

1988 թվականի հուժկու համաժողովրդական շարժման սկզբնավորումը հիշեցնող այս մթնոլորտը հուշում է ելույթս վերնագրել «Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակը»: Դա անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ ամփոփելու համար Քոչարյանի նախագահության տասնամյա ժամանակաշրջանը, եւ երկրորդ՝ հստակ պատկերացնելու  


21 Սեպտեմբեր, 2007

Սիրելի բարեկամներ.

16 տարին ե՛ւ շատ կարճ, ե՛ւ շատ երկար ժամանակ է՝ նկատի ունենալով մեր Հայաստանի պատմությունը:

Եթե ոչինչ չասենք, բավական է հիշել, որ մեր նորանկախ պետությունը արդեն հինգ անգամ ավելի երկար կյանք է ունեցել, քան Հայաստանի առաջին անկախ Հանրապետությունը: Մենք հասկանում էինք, որ անկախությունը դժվար ճանապարհ է լինելու մեզ համար, ոչ  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com